Ծաղկաձորում թատրոնի շենք կկառուցվի․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտ, թատրոնի շենք կկառուցվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։
Նախկինում համալիրի հարակից տարածքում եղել է գիշերօթիկ դպրոց, որը 1990-ական թվականներից չի գործում։ Տարածքում կան 5 շինություններ, որոնք անմխիթար վիճակում են և շահագործման ենթակա չեն։ Նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող շինությունները և տեղում կառուցել մինչև 3 վերգետնյա հարկերով երկու մասնաշենք։
Առաջին մասնաշենքը կծառայի որպես Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենք, իսկ մյուս մասնաշենքը կլինի թատրոնի համար։ Մինչև 2029 թվականի ավարտը պետք է կառուցվեն ոչ միայն համայնքապետարանի և թատրոնի շենքերը, այլև ավտոկայանատեղի 110-200 մեքենաների համար, ինչը կնպաստի նաև համայնքի կենտրոնական փողոցների բեռնաթափմանը։
Բացի այդ, կառուցվելու է քաղաքային զբոսայգի՝ մանկական խաղահրապարակով, հեծանվուղիով և մշակութային միջոցառումների կազմակերպման բացօթյա բեմահարթակով։ Ըստ որոշման հիմնավորման՝ ծրագրի իրականացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կունենա ժամանակակից և քաղաքակիրթ համայնքային կառավարման կենտրոն։ Ծաղկաձոր համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են լինելու ֆինանսական մեծ միջոցներ, որոնք համայնքը կարող է տրամադրել իր սեփական ռեսուրսներից:
Որոշումն ընդունվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ըստ էության, այս նախագծով Ծաղկաձորում 3հա տարածքը փրկվում է կոմերցիոն ներդրման տրամաբանությունից և հանրային նեդրում է ապահովվում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավելեց՝ Ծաղկաձորը՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր վայր զարգացնելու համար, նոր ճոպանուղու և արհեստական ձյան համակարգի կառուցման անհրաժեշտություն կա՝ սեզոնը երկարաձգելու համար։