Կառավարությունը գումար է հատկացրել մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար
Կառավարությունը պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում 4,882,617.4 հազար դրամի չափով, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ շինարարության թույլտվությունների տուրքերի վճարման համար՝ 90,000.0 հազար դրամի չափով: Ֆինանսական միջոցները կհատկացվեն մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար։ Կառուցման աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերի կրթական և մարզական հաստատություններում։
Մեկ այլ որոշմամբ էլ՝ վերաբաշխման միջոցով 97,126.9 հազար դրամ կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ 2024թ-ին ավարտված շինարարական օբյեկտներում կապալառուների կողմից կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար։ Գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար՝ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցում, Փշատավանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցում, Արմավիրի N8 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցում , Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոց մարզադահլիճի կառուցում, Երևանի հ. 136 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցում, Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցում: