Փորձագետ. USAID-ի լուծարումը դրական անդրադարձ է ունենալու Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա

USAID լուծարումն ուղիղ անդրադարձ է ունենալու Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա, կարծում է քաղաքագետ Վահե Դավթյանը: 

«Հիշեցնեմ, որ հենց այդ կազմակերպության կողմից է փաստացի մշակվել ու կյանքի կոչվել Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը՝ դրանից բխող բոլոր ռիսկային հետևանքներով: Հենց այս կազմակերպության կողմից է մշակվել Հայաստանի էներգետիկայի զարգացման պլանը (մինչև 2036 թ.), որում փաստացի հարցականի տակ է դրվում Հայաստանում ՛՛խաղաղ ատոմի՛՛ ապագան, հիմնավորվում է էքսպերիմենտալ բնույթ կրող փոքր մոդուլային կայանի կառուցման անհրաժեշտությունը, որպես առաջնահերթություն ներկայացվում առավելապես վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Պլան, որում անտեսված է Հայաստանի էներգետիկայի համար առանցքային նշանակություն ունեցող իրանական ուղղությունը:

Հենց այս կազմակերպության կողմից է շրջանառության մեջ դրվել մի անհեթեթ, հակագիտական մեթոդ՝ երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության գնահատում ըստ ներկրվող էներգակիրների քանակի: Պարզ է, որ USAID լուծարումը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի էներգետիկ քաղաքականության ազատականացման դինամիկայի նվազմանը: Եվ դա, կարծում եմ, լավ լուր է», - գրել է քաղաքագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: 

Դրա հետ մեկտեղ, անկախ տնտեսական վերլուծաբանների կարծիքով, USAID-ը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում իր գործունեության տարիներին շատ բացասական երեւույթներ է բերել տնտեսական և սոցիալական ինստիտուտների կայացման բնականոն գործընթաց, քայքայել է աճի բնական դինամիզմը ինստիտուցիոնալ զարգացման շրջանակում: Գործակալության կողմից մշակված ծրագրերը, որպես կանոն, վատթարացրել են իրավիճակը այս կամ այն տնտեսական ոլորտում ՝ արտաքին բացասական ազդեցության ոչ կենսունակ ծրագրերի ընդունման և ֆինանսավորման հաշվին։