Գ․ Պապոյանը Գորիսում հանդիպել է համայնքի մի շարք գործարարների և տնտեսվարողների հետ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Նարեկ Ղահրամանյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպել է համայնքի մի շարք գործարարների և տնտեսվարողների հետ։
Նախարարը ներկայացրել է պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը, ապա առանձին անդրադարձ է կատարել ավանդական գյուղատնտեսությունից ինտենսիվ գյուղատնտեսության անցնելու կարևորությանը, խելացի անասնաշենքերի հիմնմանը, բարաձրարժեք խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության այլ ծրագրերի։
Մտքեր են փոխանակվել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի զարգացմանը, Գորիսում փառատոնների և միջոցառումների անցկացմանը։
Քննարկման ընթացքում բնակիչները նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կաթի արտադրությանն ու մթերումների գներին, հողերի խոշորացմանը, բիզնեսների զագացմանը, ներկայացրել իրենց առաջարկները, լսել նախարարի դիրքորոշումը։