Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Իրանի հետ․ Ալի Խամենեին մերժել է

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ–ի հետ բանակցությունների առաջարկը։
Նրա խոսքով` որոշ «ագրեսիվ կառավարությունների» բանակցությունների վերաբերյալ համառ կոչերն ուղղված են ոչ թե խնդիրների լուծմանը, այլ սեփական տեսակետների գերիշխանությանն ու պարտադրմանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել, սակայն բանակցություններին հատկացված ժամանակը շուտով կարող է սպառվել:

«Իրանի նկատմամբ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարքի կնքում։ Ես կնախընտրեի գործարքը։ Մենք կարող ենք այնպիսի գործարք կնքել, որը նույնքան լավ կլինի, որքան ռազմական հաղթանակը։ Բայց դրա համար ժամանակը սպառվում է: Այսպես թե այնպես, ինչ-որ բան պետք է տեղի ունենա»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահը հավելել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում հույս է հայտնել, որ վերջինս կցանկանա բանակցել։ Նա նաև հայտարարել է, որ գործարքը շահավետ կլինի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի համար: