Հայաստանում գնաճը հասել է ԿԲ–ի թիրախային միջակայքին․ ԵԱԶԲ
Գնաճը հասել է ՀՀ կենտրոնական բանկի թիրախային միջակայքին, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ամենշաբաթյա մակրոտեսության մեջ։
Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 3% (±1%)։ Սպառողական գների աճը փետրվարին արագացել է մինչև 2,5% տարեկան կտրվածքով, հունվարի 1,7%–ից հետո:
«Գների աճի արագացմանը նպաստել են սննդամթերքի գների թանկացումը (+4,5% տարեկան փետրվարին՝ մեկ ամիս առաջ +2,5% տարեկանից հետո) և ոչ պարենային սեգմենտում գների անկման տեմպերի դանդաղումը (-0,3%՝ -1,5% տարեկանից հետո)»,- ասվում է հետազոտության մեջ։
ԵԱԶԲ-ի վերլուծաբանները հաստատել են ավելի վաղ արված կանխատեսումը, որը վերաբերում է առաջիկա ամիսներին գների աճի արագացմանն ու գնաճի ձևավորմանը ՀՀ ԿԲ թիրախին մոտ։
Կանխատեսումներ գնաճի վերաբերյալ
Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճն ակնկալվում է 3,9-3,2 տոկոսի սահմաններում, 2026թ․-ի կանխատեսումը 4,2-3,8 տոկոս է, 2027թ․-ին՝ 4 տոկոս։
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանում գները կբարձրանան 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 2,5 տոկոս։ ԵԱԶԲ–ն ընթացիկ տարվա արդյունքում ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 3,1%: