Ի՞նչ խնդիրներ է առաջացնում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման նոր համակարգը․ տնտեսվարողի բացահայտումները
Կառավարության որոշմամբ, մարտի մեկից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր է նոր ապրանքախմբերի համար։ Նշենք, որ Հայաստանում այս գործընթացը մեկնարկել է 2023-ից, փուլային եղանակով։ Նույնականացման միջոցներով արդեն իսկ դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը։ Մարտի մեկից այդ ցանկում ավելացել են գազավորված և ոչ գազավորված ըմպելիքները, ալկոհոլային խմիչքները, մակարոնեղենը, թեյը, սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը, կակաո պարունակող սննդամթերքը և այլն։
Ըստ այդմ, արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորման ենթակա ապրանքներն օտարումից առաջ դրոշմավորում են նույնականացման միջոցներով՝ «Դատա մատրիքս» երկչափ շտրիխ կոդով։ Այն փակցվում է ապրանքի վրա և անհատական է յուրաքանչյուր միավորի համար, որից հետո այն գրանցվում է E-mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Ըստ գործադիրի՝ այս գործընթացի նպատակն է ապահովել ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։
Շատ տնտեսվարողների կողմից միանշանակ չի ընդունվել կառավարության այս նոր որոշումը, ունեն մտահոգություններ, ոմանց կարծիքով՝ համակարգի նման գործիքակազմով ներդրումը նշանակում է գործարարներին տանջել, առաջացնել մտահոգություններ, պատճառել անհարմարավետություն և այլն։
«Արկոլադի» հիմնադիր-տնօրեն Էմիլ Հարությունյանը ՏԼԱ-ի հետ զրույցում առանձնացրեց երեք խնդրահարույց կետեր․ 1․ առևտրային գաղտնիք, 2․ կիրառելիություն, 3․ մասնավոր ընկերությանը վճարելու հարց։
Առևտրային գաղտնիք
Նոր փոփոխություններով գործընթացի իրականացումը վերապահված է մի ընկերության, որը պատկանում է բիզնես ունեցող անձանց։ «Հիմա, որքանով է ճիշտ, որ բիզնես ունեցող մարդկանց մոտ կուտակվի Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների առևտրային գաղտնիքը։ Ես կարծում եմ, որ նման ծավալի ինֆորմացիայի կուտակումն այս տարբերակով կարող է ունենալ հետևանք։ Առևտրային գաղտնիքի բացահայտման դեպքեր շատ կան, օրինակներ հիմա չբերեմ։ Ավելին ասեմ՝ ես պայմանագրում չտեսա առևտրային գաղտնիքի պաշտպանության որևէ կետ, բաժին։ Նորից կփորձեմ կարդալ, բայց չկար։ Արդյո՞ք ճիշտ է, որ իմ նման մի գործարար, պետք է տիրապետի ամբողջ երկրի տնտեսական անցուդարձին։ Շեշտեմ նաև, որ պետության, հարկային մարմինների հետ մենք խնդիր չենք տեսնում»,-ասաց Է․ Հարությունյանը։
Կիրառելիություն
«Արկոլադի» հիմնադիր տնօրենի դիտարկմամբ, ներդրված նոր համակարգում խնդրահարույց են նաև ընթացակարգերը։ Եթե, օրինակ, նախկինում դրոշմավորման պիտակները տնտեսվարողն էր համարով մուտք անում համակարգ, այս նոր փոփոխությամբ գործընթացում ամեն անուն ապրանքի համար առանձին խմբաքանակով հսկիչ նշան պիտի ձեռքբերվի, արդյունքում ավելի շատ մարդիկ պիտի ներգրավված լինեն սխալներից խուսափելու համար, և, եթե սխալ արվի, դրա շտկումը տնտեսվարողից պահանջելու է երկար ժամանակ։ Նախկին համակարգում խմբագրելու հնարավորություն կար։
«Նոր պիտակների վրա համար չկա, և ստիպված ենք նոր մեխանիզմ մշակել ներքին համարակալում ունենալու համար։ Կամ 10 հազար պիտակ վերցրել ենք, այդ օրը կարողանում ենք 100-ը օգտագործել։ Վերահսկող ընկերությունը մեկնաբանություններ է անում ու հայտարարում՝10 հազարն էլ դնել շրջանառության մեջ։ Դա ճիշտ չէ, ի՞նչ է նշանակում չարտադրված արտադրանքը դնել շրջանառության մեջ։ Լինում են դեպքեր, օրինակ՝ մենք ունեցել ենք կորոնայի ժամանակաշրջան, երբ հնարավոր չէր տվյալ քանակն արտադրել։
Կարող ենք, իհարկե, փուլ առ փուլ վերցնել պատվիրված քանակը, բայց ի՞նչ է՝ նոր մարդիկ սկսենք ներգրավվել, որ զբաղվեն պիտակների հարցով, շաբաթը մեկ սկսենք պիտակ առնե՞լ, ի՞նչ է սա տալու։ Նաև հարց է առաջանում՝ մասնավոր ընկերությունը մեկնաբանություն անելու իրավունք ունի՞, ՊԵ՞Կ-ն է իրավասուն, թե՞ ոչ։ Այդ հարցը պարզ չէ։ Մենք փորձել ենք հասկանալ, արդյո՞ք այս համակարգով կարողանում ենք սննդի անվտանգության հետագծելիության հարց լուծել․ պատասխանը՝ ոչ»,- վրդովված է Էմիլ Հարությունյանը։
Կորպորատիվ տուփերի համար պահանջվող շտրիխ կոդերի խնդիրն է նաև ընդգծում «Արկոլադի» տնօրենը․
«Ենթադրենք, ինչ-որ ընկերության համար 50 տուփ պետք է արտադրենք, դրանց վրա գրված է վաճառքի ենթակա չէ։ Նախ պետք է ձեռք բերել շտրիխ կոդ, քանի որ դա գրանցման անհրաժեշտ պայման է։ Մեկ շտրիխ կոդն արժե 5 հազար դրամ։ Եվ նաև օրինակ՝ տարեկան 1000 ընկերության համար 50-ական նման տուփեր պետք է արտադրենք, այսինքն՝ ամեն 50-ի համար պետք է շտրիխ կո՞դ ստանալ»-, մտահոգ հարցնում է Հարությունյանը և հավելում․ « Կորպորատիվ տուփը որևէ տեղ չի մարվում, հսկիչ նշանը որևէ մեկին պետք չէ, սքան չի արվելու որևէ տեղ, վաճառքն իրականացվում է հարկային հաշվով։ Կորպորատիվ վաճառքի ստվերը ո՞րն է։ Բացի սա, այս համակարգով հնարավոր չէ կարճ ժամկետներում իրականացնել պատվերը, օրինակ, միայն ապրանքի գրանցման և հսկիչ նշանի ստացման համար պահանջվում է 3 օր»։
Մասնավոր ընկերությանը վճարելու հարց
Դրոշմապիտակները նախկինում պետությունն էր տրամադրում, իսկ այս նոր համակարգով հսկիչ նշանների համար արտադրողը պետք է վճարի մեկ այլ մասնավոր ընկերության, կոդ ստանա, հետո տպի համարը։ Այս ընթացակարգի մասին մեր հարցին Է․Հարությունյանը հարցով պատասխանեց․
«Հիմա հարց՝ ի՞նչ է այս վճարը՝ հա՞րկ, տո՞ւրք, թե ի՞նչ․․, Այս հարցի պատասխանը չունենք»,-ասաց գործարարը։
Հիշեցնենք, որ գործադիրի որոշմամբ՝ նախքան նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորմանն անցնելն իրականացվում է փորձնական ծրագիր, այնուհետև միայն դրոշմավորումը դարձավ պարտադիր։ Փորձնական ծրագիրը ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն էր տալու ծանոթանալ դրոշմավորման պահանջներին, տեխնիկապես պատրաստվել և ժամանակ ունենալ պարզաբանել առաջացած խնդիրները։ «Արկոլադը» չի մասնակցել այս ծրագրին․ ինչո՞ւ։
«Այս մասին մեզ հեռախոսազանգով հորդորել է մի մասնավոր ընկերության ներկայացուցիչ։ Այս մոտեցումը մեր ընկերության համար չունի իրավական հիմք ու ինձ համար հորդորը դառնում է ընդամենը կառավարման միջոց և նման դեպքում առաջանում է հակազդեցություն։ Գուցե, այլ խողովակով առաջ տարվեր հարցը, այլ բան ստացվեր։ Բայց, եթե մի բան կամավոր է, կարող եմ նաև չմասնակցել»,-մեր հարցին պատասխանեց Էմիլ Հարությունյանը։
Էմիլ Հարությունյանի խոսքով՝ մեզանում վատ ավանդույթ կա ու այն վերացնելու կամք, ցավոք, դեռ չկա։ «Մի բան ենք ներդնում՝ առանց ընթացքը հաշվի առնելու, երբեք մանրակրկիտ չեն ուսումնասիրվում նախագծային և ներդրման փուլերը»։