Մրցակցությունն այլընտրանք չունի․ էներգետիկ շուկայում մենաշնորհը վերացված է
Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում ազատականացվել է էներգետիկ շուկան։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ամփոփել է ազատականացման արդյունքները։ Նա ասել է, որ երբեմն նաև խնդրահարույց իրավիճակներ են լինում, բայց կանոններն ադապտացնելով՝ առաջ են շարժվում։ Երևանում այսօր «Մաքուր էներգիայի անցման խթանում Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով աշխատաժողով էր կազմակերպվել։
Մեկ գնորդ-մեկ վաճառող շղթան փոխվել է, կամ մենաշնորհը էներգետիկ ոլորտում վերացված է։ 2022-ի փետրվարից Հայաստանում էներգետիկ շուկան ազատականացված է։ Այսօր՝ արդեն մոտ երեք տարի անց, ՀԾԿՀ-ում արձանագրում են, որ շուկայի ազատականացումն արդյունք տվել է։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը «Ռադիոլուրին» ասում է, որ շուկայի ազատականացումն իր նպատակն ուներ։ Մեծածախ շուկայի ազատականացման հանգրվանին աստիճանաբար մոտենում են։ Իհարկե, ռեֆորմը բարդ է, ժամանակ առ ժամանակ տարատեսակ խնդիրների են բախվում, բայց լուծում են ու առաջ շարժվում՝ ասում է ՀԾԿՀ նախագահը․
«էներգետիկ շուկայում առևտուրը իրականացվում է ժամային կտրվածքով։ Խնդիրներից մեկը այն է, որ նշված ժամանակահատվածում առևտրային բոլոր հաշվիչները դեռևս չեն հասցրել փոխարինվել ընթերցվող հաշվիչներով։ Ռեֆորմի իրականացումը բարդացնում է նաև ենթասպառողների հարցը»։
ՀԾԿՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաժնի մասնագետ Զարուհի Ադամյանը հավելում է․
«2022 թ․ փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիական համակարգի սպառողների համար տրված է մատակարարին ընտրելու իրավունք։ Յուրաքանչյուր սպառող ինքն է որոշում շարունակել իրեն առաջարկվող հոսանքը ձեռք բերել ՀԷՑ-ից, թե չկարգավորվող գներով՝ այլ մատակարարից»։
Փոփոխությունների սկզբում բացատրում էին, որ սա մոտավորապես նման կլինի հեռահաղորդակցության ոլորտին։ Ընդգծում էին, որ սպառողի համար, ըստ էության, նշանակություն չունի, թե ով է մատակարարը։
Աղբյուրը՝ hy.armradio.am