Լոռու մարզային փրկարարական վարչության պետն արժանացել է Ճապոնիայի ԱԳ նախարարի շնորհակալագրի

Հայաստանի ներքին գործերի նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը պարգևատրվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի շնորհակալագրով՝ իր գործունեությամբ Ճապոնիայի և Հայաստանի միջև կապերը խթանելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը։ 

Նշվում է, որ 2012 թվականին՝ Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից հետո, Սերոբ Գաբրիելյանը հնարավորություն է ունեցել այցելել Ճապոնիա՝ JICA-ի վերապատրաստման ծրագրի շրջանակներում, և շրջել աղետից տուժած շրջաններում։ Նա, ցնցված լինելով տուժած տարածքների վիճակով և աղետից հետո բնակչության՝ վերականգնմանն ուղղված՝ հսկայական ջանքերով, Հայաստան վերադառնալուն պես ակտիվորեն դրամահավաք է նախաձեռնում՝ քաղաքի կենտրոնում գտնվող Սպիտակի երկրաշարժի հուշահամալիրի կողքին Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու իր գաղափարը կյանքի կոչելու համար։ 

Գաբրիելյանին հաջողվում է իրագործել այդ գաղափարը՝ շնորհիվ տեղի բնակիչների, այդ թվում՝ փրկարարական խմբի իր գործընկերների, ինչպես նաև իր անձնական միջոցների ներդրումների։ Այդ ժամանակից ի վեր ամեն տարի մարտի 11-ին, դեկտեմբերի 7-ից բացի, բազմաթիվ քաղաքացիներ հավաքվում են հուշահամալիրի մոտ՝ ոգեկոչելու երկրաշարժի զոհերի հիշատակը և աղոթում շուտափույթ վերականգնման համար։ Այս իրադարձությունները դարձել են Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելմանն ուղղված համագործակցության խորհրդանիշ։