Դոնալդ Թրամփը կրկնապատկում է Կանադայի դեմ մաքսատուրքերը
Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հաշվի առնելով, որ Կանադան 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Միացյալ Նահանգներին տրամադրվող էլեկտրաէներգիայի համար, Վաշինգտոնը կկրկնապատկի Կանադայի դեմ հայտարարված մաքսատուրքերը՝ դրանք հասցնելով 50 տոկոսի: Մաքսատուրքերը կտարածվեն ԱՄՆ ներմուծվող պողպատի ու ալյումինի վրա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որոշումն ուժի մեջ կմտնի այսօր:
Թրամփը նախազգուշացրել է՝ եթե Օտտավան չչեղարկի ԱՄՆ նկատմամբ սահմանափակումները, ապրիլի 2-ից զգալիորեն կբարձրացվեն ԱՄՆ ներմուծվող մեքենաների մաքսատուրքերը:
«Կանադան նաև շատ քիչ է վճարում ազգային անվտանգության համար՝ հույսը դնելով ԱՄՆ-ի ռազմական պաշտպանության վրա: Այսպես չի կարող շարունակվել», - Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել՝ միակ խելամիտ տարբերակն այն է, որ Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը:
Թրամփի խոսքով՝ այդ դեպքում մաքսատուրքերը կչեղարկվեն, կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեն, սահմանային խնդիրները կլուծվեն:
«Նրանց փայլուն օրհներգը կշարունակի հնչել, բայց արդեն ՄԵԾ և ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ կազմում», - շեշտել է ԱՄՆ նախագահը: