Փողը քիչ է. ԱՄՆ-ն կկարողանա զանգվածաբար արտաքսել միգրանտներին ոչ ավելի, քան ևս 60 օր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ֆինանսական սղության պատճառով ներկայիս տեմպերով կկարողանա շարունակել ԱՄՆ-ից միգրանտների զանգվածային արտաքսումը 60 օրից ոչ ավելի։

Այս մասին CNN-ին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավար, Նևադայի կոնգրեսական Մարկ Ամոդեը։ Ամոդեի ենթահանձնաժողովը վերահսկում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության բյուջեն:

«Փողը վերջանում է, անհնար է գործողություններ իրականացնել այն մակարդակով, որում այժմ գտնվում ենք», - ասել է Ամոդեյը հեռուստաալիքին։ Կոնգրեսականը հանրապետական առաջնորդներին ասել է, որ ապագայում հնարավոր է` միգրանտների զանգվածային արտաքսման համար ընդհանրապես գումար չհատկացվի, և այժմ նրանք պետք է որոշեն, թե ինչպես վարվել:

Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը, որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների ներթափանցումը ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։