Մատենադարանում ճանաչողական այց և քննարկում էր կազմակերպվել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ
Որքան հին են արժեքներն, այնքան նոր պետք է լինեն դրանց կառավարման մոդելները։ Այս սկզբունքով Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՝ Մատենադարանում, մինչև տարեվերջ զբոսաշրջիկների համար հարկաբաժին կառանձնացվի։ Այստեղ նրանք կհանգստանան, կսրճեն ու կծանոթանան հայկական ազգային արժեքներին։
Թանգարանի արդիականացման միջոցառումները, նոր ծառայությունների ներդրման ծրագրերն ու որակի բարելավման քայլերը տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանում հյուրընկալված Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամներին։
Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների այցը նպատակ ուներ ոչ միայն ծանոթանալ նոր ցուցադրություններին և նորաբաց սրահներին, այլև քննարկել տուրօպերատորներին հուզող խնդիրները։
Մասնավորապես՝ բարձրացվել է տոմսերի գնային քաղաքականության հարցը, երբեմն, տուրօպերատորները այցելուների մեծ խմբեր տանելիս խնդիրներ են ունենում․ փաթեթները մշակելիս առաջարկվում է մի գին, այցելության պահին՝ այլ։ Այս խնդիրը կա գրեթե բոլոր թանգարանների հետ։ Մատենադարանի տնօրենը խոստացել է՝ այսուհետ գնային որևէ փոփոխության դեպքում տուրօպերատորներին ավելի վաղ կտեղեկացնեն։
Շատ հաճախ հարց է առաջանում՝ ի՞նչ նվիրել զբոսաշրջիկին, որ լինի առանձնահատուկ և ազգային։ Հարցի պատասխանը Մատենադարանում գտել են՝ առաջիկայում տուրօպերատորներին, զբոսաշրջիկներին մի քանի ներկայանալի նմուշ կառաջարկեն։
Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկման ընթացքում երկուստեք բարձրացվել են հարցեր, որոնց շուրջ դեռևս քննարկումներ կծավալվեն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել նաև միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, գովազդատեղեկատվական արշավների շրջանակում:
Ֆեդերացիայի անդամները բարձր են գնահատել Մատենադարանի թանգարանում իրականացվող բարեփոխումները: Մատենադարանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիան կձեռնարկեն համատեղ քայլեր՝ բարձրացնելու հայ մշակույթի միջազգային տեսանելիությունը: