ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
 
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաեւ կողմերի միջեւ ձեւավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:
 
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման եւ արդիականացման, ինչպես նաեւ Սիսիանում ու Երեւանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը եւ խնդիրները։
 
Քննարկվել է նաեւ ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած` սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ նախանշելով իրականացման հետագա ուղղությունները։ Կողմերն ընդգծել են ՀՀ եւ ԵՄ միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարեւորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում, ինչպես նաեւ ԵՄ հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակում ներկայում տարվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին կարեւորվել են առավել ընդգրկուն օրակարգով ԵՄ-ի հետ փոխգործակցության շարունակակությունը՝ հաշվի առնելով ՊԵԿ ռազմավարության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ համընդհանուր օրակարգից բխող սահմանների համալիր կառավարման շրջանակում առկա առաջնահերթությունները։