Ինչպե՞ս ձեռք բերել էներգետիկ անկախություն․ մասնագիտական կարծիքներ
Ատոմակայան, արևային կայան, հողմակայան, փոքր ՀԷԿ–եր, ՋԷԿ–եր․ սրանք Հայաստանում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներն են: Այս պահին Հայաստանը քննարկում է նոր ատոմակայանի մոդելի ընտրության հարցը։ Զուգահեռաբար արագ տեմպերով նաև արևային կայաններն են զարգանում։ Վերականգվող էներգետիկայում հոսանքի արտադրության հատկապես այս տեսակն է հեռանկարային՝ կարծում են մասնագետները։ Բայց նաև նշում են, որ հողմային կայանները գրեթե չեն զարգանում։
Ինչպե՞ս թուլացնել էներգետիկ կախվածությունն ու ձեռք բերել էներգետիկ անկախություն․ այս հարցը Հայաստանի համար արդիական է ավելի քան երբևէ։ Մասնագետները կարծում են, որ ամենակարճ ճանապարհը վերականգնվող էներգետիկան է, որը Հայաստանում արագ է զարգանում։ Վերականգնվող էներգետիկայի աղբյուրներն այստեղ գործնականում երեքն են՝ ջրային, արեգակնային ու հողմային։ Հողմայինը, կարելի է ասել, զարգացած չէ՝ արձանագրում է ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության բաժնի պետ Սևակ Բաբայանը։ Մասնագետը բացատրում է, որ այն ավելի ծախսատար է, բացի այդ՝ աշխարհագրական դիրքն է անբարենպաստ։ Հիմնական արտադրանքը տալիս են ՀԷԿ–երը և արևային կայանները։ Վերականգնվող էներգետիկայի կարևորությունը երկրի էներգետիկ անկախության հարցում ակնհայտ է․
«Կարևոր արձանագրում է։ Քանի որ, եթե հաշվենք խոշոր հիդրոկառուցները, ստացվում է, որ մոտ 35 տոկոսով անկախ ենք։ 60–63 տոկոսի պարագայում որոշակի կախվախություն ունենք միջուկային վառելիքի ներկրումից, կախվածություն ունենք բնական գազի ներկրումից՝ ՋԷԿ–երի դեպքում։ Աստված չանի, բլոկադայի դեպքում մենք ունենում ենք որոշակի պարալիզացված իրավիճակ։ Հետևաբար, որքան վերականգնվող էներգառեսուրսներով արտադրությունը զարգացած է, այնքան երկիրը ամուր է էներգետիկ առումով»։
Մասնագետը, սակայն, էներգետիկ անկախությունն արևային կայանների միջոցով ապահովելու հարցում վերապահումներ ունի։ Բացատրում է, որ արևային էլեկտրակայաններն ակտիվանում են առավոտյան, պասիվանում՝ երեկոյան։
Աղբյուրը՝ hy.armradio.am