«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ճանապարհաշինական ոլորտում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և հեղինակային հսկողության ծառայությունների որակը բարձրացնելու հարցը։ Մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ Կարեն Շեկոյանը, բաժնի ինժեներները, նախագծող ընկերությունների ղեկավարները։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած նախագծային խնդիրներին։ Վերլուծվել են դրանց առաջացման պատճառները, առաջարկվել են խնդիրների կանխարգելման ուղիներ, ինչպես նաև ժամանակակից նոր լուծումների կիրառման տարբերակներ, որոնք կբարձրացնեն նախագծման և հեղինակային հսկողության ծառայության արդյունավետությունը։

 Հիմնադրամից  տեղեկացնում են, որ նման աշխատանքային հանդիպումները կլինեն շարունակական, որոնց ընթացքում կվերլուծվեն նախագծման և հեղինակային հսկողության ժամանակ առաջացած հարցերը՝ դրանց տալով լուծումներ։