Հայաստանը ծաղիկների հիմնական մատակարարներից մեկն է ՌԴ-ի համար. ի՞նչ խնդիրների են բախվում հայ արտահանողները
Անցած տարի Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի Դաշնության համար։ Ռուսաստան ծաղիկների ներկրման 85 %-ը բաժին է ընկել Նիդեռլանդներին, Հայաստանին և Բելառուսին. տվյալները Ռուսաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն են ու այդ երկրի Ծաղկաբույծների ազգային ասոցիացիայինը:
Այսպես, անցյալ տարվա արդյունքներով` ներմուծված ծաղիկների ավելի քան 70 %-ը եղել է Նիդեռլանդներից (321,5 մլն դոլար): Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 32,1 մլն դոլար մատակարարմամբ (7,1 %), երրորդը Բելառուսն է՝ 28 միլիոն դոլար (6,2 %): Հայկական կողմի տվյալներով ևս` մեր երկրից ծաղկի արտահանման ցուցանիշները գոհացնող են:
Հայաստանից դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման ուղղությամբ ունենք շատ բարձր աճ՝ իր հերթին Կառավարության փետրվարի 6-ի նիստին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախարարը ներկայացրել է ՊԵԿ-ի տվյալները՝ հայտնելով, որ նախորդ տարի մեր երկրից 55 մլն հատ և 2,1 հազար տոննա ծաղիկ է արտահանվել, իսկ 2023 թվականին՝ 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով նույնպես, վերջին 5 տարվա ընթացքում նույնպես զգալի ավելացել են Հայաստանից Ռուսաստան ծաղկի արտահանման ծավալները։ Եթե 2023 թվականին մեր երկրից Ռուսաստան շուրջ 17 մլն հատ ծաղիկ է արտահանվել, ապա նախորդ տարի այդ թիվը շուրջ 64 միլիոնի է հասել։ Համեմատության համար նշենք, որ 2023-ին մեր երկրից մոտ 27 հազար հատ ծաղիկ է արտահանվել ԵՄ երկրներ, իսկ անցած տարի ընդամենը 4 հազար։ Միաժամանակ, Հայաստանից ծաղկի արտահանման ծավալներն ավելացել են այլ երկրների ուղղությամբ, 2023 թվականի 1 մլն 57 հազարի դիմաց անցած տարի արտահանվել է ավելի քան 7 մլն 87 հազար հատ։
Արտյոմ Հովհաննիսյանն արդեն 10 տարի է՝ հոլանդական վարդեր է աճեցնում։ Արարատի մարզի Մխչյան համայնքում 6000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խելացի ջերմատնից վաղ գարնան շրջանում շաբաթական 10 հազար հատ վարդ է հավաքում, 90 տոկոսը վաճառվում է ռուսական շուկայում: Նրա խոսքով՝ ռուսական շուկայում պահանջարկ ունեն հատկապես փնջային վարդերը: Վերջին երկու տարում նաև Վրաստանից են գնորդներ գալիս, բայց քիչ քանակությամբ են տանում։
«Վերջին երկու-երեք տարիների համեմատ մեծ քանակությամբ արտահանում է եղել Ռուսաստան: Քանի որ արտահանման ծավալները մեծ են եղել, շուկայում լճացում չի առաջացել: Հավատացե՛ք, եթե արտահանում չլիներ, շուկայում հիմա լճացում կլիներ: Գյուղացիները սկսել են ջերմոցներում մեծ քանակությամբ ծաղիկներ մշակել: Տարեցտարի ծաղկի արտադրության ծավալներն աճում են. անգամ բանջարեղենի ջերմոցներն են քանդում և ծաղիկներ աճեցնում: Մեր գյուղում նման օրինակներ շատ կան»,- մատնանշեց արտադրողը:
Չնայած ծաղկի արտադրության ծավալների աճին՝ քաղաքացիները դժգոհում են բարձր գներից: Ինչպես հայտնի է՝ տոն օրերին՝ մարտի 8-ին, ապրիլի 7-ին ծաղկեփնջերն աստղաբաշխական գներ ունեն:
Ծաղկի մշակությամբ զբաղվող ֆերմեր Արտյոմ Հովհաննիսյանը բացատրում է՝ ծաղիկ մշակելը ծախսատար է, եկամուտ ստանալու համար պետք է բարձր բերքատվություն ապահովել, իսկ այդ ցուցանիշին հասնելու համար գումար պետք է ներդնել: Մի կողմից էլ էներգակիրների բարձր արժեքը: Նա նշեց, որ ձմռան սեզոնին յուրաքանչյուր ամիս սպառում է 30,000 խորանարդ մետր գազ։
«Օրինակ, մեկ 100 դրամանոց վարդի ինքնարժեքը հենց այդքան էլ կազմում է, պետք է ինքնարժեքից մի քիչ բարձր գնով վաճառես, որ եկամուտ ստանաս, քանի որ երեք ամիս ջերմոցը ջեռուցել եմ և գազի փող եմ տվել: Ծաղկի բիզնեսը սկզբից եկամտաբեր էր, աղմուկ բարձրացավ, որ եկամտաբեր գործ է։ Հետո բոլորը գործից չհասկանալով սկսեցին մշակել»,- նկատեց ջերմոցատերը:
Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանմամբ զբաղվող Նորիկ Եփրեմյանն արդեն երկար տարիներ այդ երկրի տարբեր շրջաններ վաճառքի է տանում ոչ միայն սեփական ջերմոցում մշակված մեխակներն, այլև այլ ֆերմերների աճեցրած ծաղիկները։ Արտահանողը շեշտում է, որ ռուսական շուկայում հաճախ է հայ արտահանողը խնդիրների բախվում՝ տարբեր պատճառներով:
«Քաղաքական լարված վիճակը որոշակի ազդեցություն է թողնում արտահանման վրա, ամեն ինչ-որ դեպքից հետո լինում է ազդեցություն, երբ հարթվում են հարաբերությունները, բոլոր այդ հետևանքներն էլ են հարթվում»,- հավելեց արտահանողը:
Ռուբլու փոխարժեքի տատանումներն էլ իրենց հերթին են ազդում շահույթի վրա։ Չնայած խնդիրներին՝ արտահանողը պնդում է՝ անկախ ամեն ինչից ռուսական շուկայից չի կարող հրաժարվել: Նորիկ Եփրեմյանին չի ոգևորվում Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը: Նա հիշեցնում է, որ Եվրոպական շուկա մտնելու փորձեր արել է, բայց ապարդյուն:
«Գլխավոր խոչընդոտը եվրոպական շուկայում կիրառվող խիստ կարգավորումներն են։ Բարձր որակի ապրանք են ուզում, մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ թունաքիմիկատներ ու բուժանյութեր ենք տալիս բույսին: Սահմանված բարձր չափանիշներին չենք համապատասխանում»,-ընդգծեց ջերմոցատերը:
Ֆերմեր Արտյոմ Հովհաննիսյանն էլ հույսեր չի կապում ԵՄ-ի հետ, ավելին՝ մտահոգություններ ունի:
«Պետք է ԵՏՄ-ից խելացի դուրս գալ,այդպես դուրս գալ, նշանակում է` ամբողջ տնտեսությունը կործանել։ Եթե այդ շուկան փակվեց, այս ամբողջ ոլորտը կկործանվի ՌԴ-ն մնալու է մեր շուկան, մտնենք, ԵՄ-ը, թե՝ ոչ, տարբերությունը լինելու է նա, որ մաքսազերծմամբ ենք աշխատելու: Եվրոպայում ծաղիկ չեն կարող վաճառել. Հոլանդիան ամբողջ աշխարհի ծաղիկն ինքն է վաճառում, ո՞նց կարող ենք մենք այնտեղ ծաղիկ տանել»,- նկատեց ֆերմերը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջերմոցատերերը այժմ հիմնականում վարդ են աճեցնում։ Նախկինում նախապատվությունը տալիս էին մեխակին, ապա՝ գերբերային։ Ջերմատների աճեցնում են նաև կակաչներ, թրաշուշաններ, խրիզանթեմներ, լիլիաներ, լիզիանտուսներ և շատ քիչ՝ այլ տեսակի ծաղիկներ։