«Բարեփոխումները պետք է իրական փոփոխություն բերեն քաղաքաշինական որևէ գործունեության առնչվող քաղաքացու կյանքում». Եղիազար Վարդանյան
Քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները դիտարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ կոմիտեում նախաձեռնել է քննարկում, որին ներկա է եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղելավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, Ջրային կոմիտեի ներկայացուցիչները և այլ պաշտոնյաներ։
Նախատեսվում է վերլուծել քաղաքաշինական գործընթացների ամբողջ շրջանակը՝ նախագծման թույլտվությունից մինչև փորձաքննությունների անցկացում և ավարտական փուլի փաստաթղթերի տրամադրում՝ ընթացակարգերը պարզեցնելու, կրկնությունները բացառելու և դերաբաշխումը հստակեցնելու հնարավոր տարբերակները վերհանելու նպատակով։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է բարելավումների օր առաջ իրագործումը՝ հաշվի առնելով հանրապետությունում ընթացող մեծածավալ շինարարությունը։ «Դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական հաստատությունների կառուցման, սուբվենցիոն ծրագրերի, ջրային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների շինարարության շրջանակներում այս տարի և հաջորդ տարեսկզբին ունենալու ենք ավարտվող շինարարությամբ մեծ թվով օբյեկտներ։ Ուստի, սպասվող փաստաթղթավորման աշխատանքների հստակեցումն ու ընթացակարգերի դյուրացումն անհրաժեշտ է թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ մասնավոր ծրագրերի դեպքում։ Բարեփոխումները պետք է իրական փոփոխություն բերեն քաղաքաշինական որևէ գործունեության առնչվող քաղաքացու կյանքում, ազատեն ավելորդ վարչարարությունից, իհարկե, միաժամանակ հավասարակշռեն հնարավոր ռիսկերը և արտացոլեն արդի տեխնոլոգիական առաջընթացն ու ոլորտի զարգացումը»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։
Որպես առաջնահերթություն՝ հանդիպմանը քննարկվել են ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ձևավորման, ավարտական փաստաթղթերի ձևակերպման և գույքի նկատմամբ իրավունքի գրանցման փուլերը։ Կարևորվել է նաև ՀՀ կառավարության 2015թ. 596-Ն որոշման մեջ գծային կառույցների վերաբերյալ կարգավորումների բարելավումը։
Հանդիպմանը մասնակից պաշտոնյաները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Որոշվել է հարցի քննարկումը կազմակերպել յուրաքանչյուր կառույցի ներսում՝ ըստ ուղղությունների, վերհանել առաջարկները, գործնականում հանդիպող խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները և համատեղ ամփոփել միջգերատեսչական հաջորդ հանդիպման ընթացքում։