Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին

Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Հանդիպման ժամանակ երկու կողմերն անդրադարձել են Վայոց ձորի մարզում <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության շրջանակներին, արդյունքներին, ընդլայնման հեռանկարներին՝ կարևորելով մարզի պատանիների և երիտասարդների ստեղծարար կարողությունների բացահայտմանը, դրսևորմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։

Քննարկվել են Եղեգնաձորում <<Թումո>> կենտրոնի հիմնման հեռանկարներին և ակնկալվող արդյունքներին, շահառուների շրջանակի ընդլայնմանը և իրազեկման աշխատանքներին, ինչպես նաև արդյունավետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր ևս՝ ընդգծելով երկու կառույցների միջև ձևավորված երկխոսությունը ծրագիրը կյանքի կոչելու հարցում․ Թումո կենտրոնի տեղակայումը մարզկենտրոնում հնարավորություն կտա ավելի լիարժեք և մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել և մեծացնել երիտասարդների հետաքրքրվածությունը կենտրոնի ծրագրերի նկատմամբ։

Բարձր գնահատելով <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներդրած ջանքերը մրցունակ երիտասարդության ձևավորման գործում՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել մարզի ընդհանուր զարգացմանը և երիտասարդների առաջընթացին նպաստող այս նախաձեռնությանը:

 <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն էլ նշել է , որ իրենք ևս շահագրգիռ են կենտրոնի ստեղծման հարցում և ներդնելու են ջանքեր ու ռեսուրսներ՝ այն իրագործելու համար։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում մարզում ավելի լայն ձևաչափով կազմակերպել հանդիպումներ հնարավոր շահառուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։