ԿԲ նախագահը գնահատել է եվրապարտատոմսերի տեղաբաշխումը 750 մլն դոլարի չափով

Եվրապարտատոմսերի տեղաբաշխումը ճիշտ որոշում եմ համարում, նախապես հայտարարվել էր, որ հնարավոր է նման գործարք։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Հայաստանը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի՝ 10 տարի մարման ժամկետով եւ 7,1 տոկոս եկամտաբերությամբ եվրոպարտատոմս։   

Գալստյանը նշել է, որ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը երկարաժամկետ աշխատանք է պահանջում, քանի որ այն ունի իր տրամաբանությունը։

«ԱՄՆ-ը 10 տարի ժամկետով պարտատոմսեր է տեղաբաշխում՝ տարեկան 4,3 տոկոս տոկոսադրույքով, իսկ Հայաստանի կառավարությունը՝ 7,1 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Տարբերությունը 2,8 տոկոս է»,- ավելացրել է ՀՀ ԿԲ նախագահը։

Միաժամանակ, նրա կարծիքով, ոչ մի արտառոց բան չկա։ Նա դա բացատրել է նրանով, որ շուկան է որոշում տոկոսադրույքը՝ հաշվի առնելով ռիսկերը։