Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը եւ ծավալները. առաջարկը քննարկվել է հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Առաջարկը Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ին գումարված նիստի ընթացքում:
Օրինագծի համահեղինակը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման եւ շուկայի նոր մոդելին անցման գործընթացը: Բացի այդ, շուկայի ազատականացման արդյունքում սպառողների համար ստեղծվել է հնարավորություն մինչ այդ գործող միակ մատակարարի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխարեն ընտրելու նաեւ այլ՝ մրցակցային մատակարարների: Ներկայում էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցության նպատակով լիցենզիա է ստացել շուրջ 22 մատակարար, որոնցից, սակայն, շուկայում փաստացի գործունեություն են ծավալում միայն վեցը, ինչը, ըստ բանախոսի, խնդրահարույց է:
Նշվել է, որ շուկայում գործող վեց մատակարարներից իրենց առեւտրի ծավալներով առաջինից երրորդ տեղերում գտնվող ընկերությունների առեւտրի ծավալները տարբերվում են ավելի քան հինգ անգամ:
Պատգամավորները վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկում են օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող՝ բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արեւային եւ հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա երկու տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից եւ մուտք գործել մրցակցային շուկա՝ առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը եւ վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ խթանելով ազատական շուկայի զարգացումը:
Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրինագծի մշակման փուլում հանդիպումներ են ունեցել տնտեսավարողների հետ, լսել նրանց կարծիքները:
Հարակից զեկուցող, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկայացնելով դրական դիրքորոշումը, անդրադարձել է տնտեսավարողներից մի քանիսի դժգոհություններին՝ դրանք անվանելով անհիմն:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրական հարկման եւ շրջանառության հարկով հարկման համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել միայն իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների, կառավարման հարցերով խորհրդատվության, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություններ ծավալող ընկերություններին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ վերոնշյալ փաթեթը երկար քննարկում է անցել, դրա վերաբերյալ եղել են նաեւ խորհրդարանական լսումներ. արդյունքում հեղինակները պատրաստակամություն են հայտնել առաջարկների հիման վրա առաջին ընթերցումից հետո օրինագիծը խմբագրել: Նա նշել է հատկապես փաստաբանական ծառայություն մատուցողներին՝ շեշտելով, որ նրանց անվճար ծառայություն մատուցելու 5 տոկոսի չափով քվոտա է տրվում:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: