Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Կառավարությունն Արթուր Նահապետյանին նշանակեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Կառավարության այսօրվ հերթական նիստում Արթուր Նահապետյանին ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է մնացել 2024 թվականի նոյեմբերի 20-ից, երբ կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականն ընդունվել էր կառավարության կողմից։ 

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է կառավարությունը 6 տարի ժամկետով։ Առաջին մրցույթը կայացել էր 2025 թվականի հունվարի 20-ին, որի արդյունքում մասնակցած թեկնածուն չէր հաղթահարել սահմանված շեմը։ Այնուհետև հայտարարվել էր նոր մրցույթ, որին դիմած 5 թեկնածուներից 3-ը հաղթահարել էին սահմանված շեմը և ներկայացվել կառավարության քննարկմանը։ Քննարկման արդյունքում առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Նահապետյանին»,- ասաց Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր թեկնածուների հետ երկու փուլով հանդիպումներ և քննարկումներ է ունեցել, ինչից հետո որոշել է Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը։ 

«Ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ-որ առումով համընկել է նաև մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետև պարոն Նահապետյանը թե՛ բարեվարքության միավորով, թե՛ ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Եվ այդ առումով, կարծում եմ, որ սա էլ կարևոր փաստ է արձանագրելու համար»,- ասաց Փաշինյանը։ 

Արթուր Նահապետյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելը մեծ պատիվ և պատասխանատվություն է իր համար։

«Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանք Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը և դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար»,- ասաց նա։