Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը․ Գեղամավան գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Կառավարության որոշումներով «Յունիքեյր գրուպ», «Ադանաս», «Աթանեսյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Աթանեսյանս» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր 20053 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2025թ.-ի հունվար ամսից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան ծաղկի շուկայում։ Այն արտադրելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների վարդեր և դրա հիմնական մասը՝ 98 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 2 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի ներդրում՝ ջերմոցի և հումքի ձեռքբերման համար և 870 մլն դրամի ներդրում հողային աշխատանքների, կոմունիկացիաների, մոնտաժային աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 134 աշխատատեղ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը ընկած  ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 200-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75.5 մլն դրամ:
«Յունիքեյր գրուպ»-ը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բժշկական պարագաների արտադրության համար՝ իրականացնելով 35.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 7 աշխատատեղ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 15-ի՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 35.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.9 մլն դրամ:
«Ադանաս»-ը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել սպունգի և միկրոֆիբրե մաքրող լաթերի (Արմսպունգ ապրանքանիշի ներքո) արտադրության համար՝ իրականացնելով 1.4 մլրդ դրամի ներդրում հումքի (ներառում է նաև ձեռքբերվող հումքի արժեքը) և 500 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 35 աշխատատեղ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով,  մինչև 2028 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 70-ի՝ 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 400 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։