Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր
MITT 2025 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Վախրուկով Դ.Ս.-ի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարները։
Հատուկ ուշադրություն դարձվեց 2023 թվականի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրված Ճանապարհային քարտեզի կետերի իրականացման ընթացքին։ Հանդիպման մասնակիցները գոհունակություն հայտնեցին ձեռք բերված արդյունքներից և ընդգծեցին նախատեսված նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակական լինելու կարևորությունը։
Համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց ձմեռային զբոսաշրջության զարգացմանը, որը մեծ ներուժ ունի երկու երկրների համար։ Կողմերը շեշտեցին ձմեռային հանգստի կազմակերպման և զբոսաշրջիկների ներգրավման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։