Երևանում օդի հիմնական աղտոտիչներն իրական ժամանակում ճշգրիտ չափող երկու դիտակայան կտեղադրվի

Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով՝ պետական ֆինանսավորմամբ ձեռք են բերվել օդի որակի մոնիթորինգի երկու ավտոմատ դիտակայաններ։ Այս մասին ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով 2024 թվականի արդյունքները։

«Դիտակայաններն արդեն գտնվում են Երևանում։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ընթանում են տեղանքի  նախապատրաստական աշխատանքները, որից հետո կտեղադրվեն և կհանձնվեն շահագործման։ Շահագործումը նախատեսվում է 2025 թվականի 1-ին եռամսյակում»,-տեղեկացրեց Ազիզյանը՝ հավելելով, որ  նախատեսվող այս արդիականացումը հնարավորություն կընձեռնի իրական ժամանակում ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչները (ներառյալ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը):