ՀՀ ՏԱՑ աճը 2025թ․ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 4.1%

2025թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.1%-ով։

2025թ․ հունվարին գրանցվել էր 7.1% աճ, սակայն փետրվարին աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ կազմելով ընդամենը 1.5%՝ 2024թ. փետրվարի նկատմամբ։ Այսպիսով, երկամսյա տվյալների համադրության արդյունքում ՏԱՑ-ի ընդհանուր աճը կազմել է 4.1%։

Տնտեսական ակտիվության հիմնական ցուցիչներից արդյունաբերության ծավալը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 380,486.7 մլն դրամ, ինչը անկում է 19.4%-ով՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ (80.6% հարաբերակցություն)։ Հատկանշական է, որ արդյունաբերության ծավալը փետրվարին գրեթե մնացել է նույն մակարդակում՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով միայն 0.6%-ով։

Հակառակ արդյունաբերության անկմանը, շինարարության ոլորտը շարունակում է արձանագրել կայուն աճ։ 2025թ. հունվար-փետրվարին շինարարության ծավալը կազմել է 44,648.1 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 12.2%-ով։ Փետրվարին շինարարության ոլորտում արձանագրվել է 36.8% աճ, հունվարի նկատմամբ։

2025թ. առաջին երկու ամիսներին առևտրի շրջանառությունը կազմել է 822,658.3 մլն դրամ, 2024թ. հունվար-փետրվարի համեմատ արձանագրվել է աճ 7.8%-ով։ Հատկապես փետրվար ամսին գրանցվել է 16.6% աճ՝ հունվարի համեմատությամբ։

Ծառայությունների ոլորտը աճել է12.4%-ով և կազմել 556,120.3 մլն դրամ, իսկ սպառողական գների ինդեքսի աճը կազմել է  2.1%։