Փաշինյանը դժգոհել է գյուղատնտեսության աջակցության ծրագրից
ՀՀ կառավարությունն այս տարի 1.5 մլրդ դրամի չափով փոխհատուցում կուղղի գարնանացանի ու աշնանացանի համար. նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերսով հացահատիկային` ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկ ընդեղեն, ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ, և կերային մշակաբույսերի` մեկ հա–ի հաշվով կատարվող հիմնակական աշխատանքների` վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, փոխհատուցումը աշնանացան ցորենի մշակության համար մեկի հա–ի մակերեսով կկազմի 80 հազար դրամ, քանի որ նախարարության հաշվարկներով` ընդհանուր աշխատանքների արժեք մոտը 160 հազար դրամ է կազմում։
Պապոյանը տեղեկացրեց, որ գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակման մեկ հա–ի մակերեսով կտրամադրվի մոտ 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում` 85 հազար դրամ, հատիկ ընդեղենի դեպքում` 100 հազար դրամ, կերային մշակաբույսերի` մեկ հա–ի հաշվով` 110 հազար դրամ, կերի ճակնդեղի` 80 հազար դրամ։
Եթե 2025 թ. այս ծրագրի արժեքը կկազմի 1.5 մլրդ դրամ, ապա 2026 թվականի համար`1.4 մլրդ դրամ։
«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում ու մշակվող վարելահողերի ավելացում շուրջ 36 հազար հա–ով»,– հայտարարեց նախարարը։
Կառավարությունը նման որոշում ընդունեց այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա լավ ծրագիր չի համարում, քանի որ իր տեսած ոչ մի գյուղացու հետ այս ծրագիրը ոչ մի կապ չունի։
«Սա միջին ու խոշոր ֆերմերնեին աջակցելու ծրագիր է, որն էլի քաղաքական ընտրության հարց է, ու եկեք չասենք, որ այսպիսով մենք գյուղացիներին աջակցում ենք։ Ես խոստովանում եմ` ես չգիտեմ ինչպես օգնեմ այդ մարդկանց։ Մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում` վարում ենք, հնձում ենք, ցանում ենք, պարարտանյութ ենք տալիս, վերլուծություններ ենք անում։ Ավելի լավ չէ՞ր լինի, եթե այս գումարով մեկով ավելի մանկապարտեզ կառուցեինք։ Սա անարդյունավետ ծրագիր է. մենք մարդուն չենք հասնում»,– հայտարարեց նա։
Նրա խոսքով` այս ծրագրերն իմաստ կունենան այն դեպքում, երբ աջակցության 3–րդ տարում գյուղացի ասի` շնորհակալ եմ, էլ պետք չէ ձեր աջակցությունը, ես ինքս կկազմակերպեմ իմ տնտեսությունն ու հիմա ես ձեզ կաջակցեմ։