ՀՀ էկոնոմիկայի նախարար Գ. Պապոյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Գյումրի քաղաքի տեքստիլ ոլորտի մի շարք ընկերություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Գյումրի քաղաքի տեքստիլ ոլորտի մի շարք ընկերություններ։ Այցին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրիի քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Առաջին այցը «Lentex» ՍՊԸ֊ում էր, որը հանդիսանում է գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում։
Այն շուկայում ներկայացված է Lentex, Danny, Viva և Oletti ապրանքանիշերով։ Գործարանը արտադրում է նաև տրիկոտաժից պատրաստված հագուստ։

Գործարանի ընդհանուր արտադրական տարածքը կազմում է 20 հազար քմ։ Ընկերությունն ունի 450 աշխատող, գործում է 30 ֆիրմային խանութ Հայաստանում։

Նախարարն այցելել է նաև 2017 թվականին հիմնադրված «ZAKARYAN JEANS» ընկերություն։ Ընկերության արտադրանքն աչքի է ընկնում հայկական և դասական ոճերի համադրմամբ։ Ամբողջ արտադրական գործընթացը վերահսկվում է Իտալիայից ժամանած մասնագետների կողմից։