Իջևան համայնքում այգեգործական կլաստեր կստեղծվի

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման» փորձնական ծրագրի արդյունքների ուսումնասիրության և Իջևան համայնքում այգեգործական կլաստեր ստեղծելու նպատակով Տավուշի մարզպետարանի և Իջևան համայնքի ներկայացուցիչների հետ այցելել են Բերքաբեր, Խաշթառակ, Կիրանց և Ծաղկեվան բնակավայրեր։
Տնտեսավարողների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրի արդյունքները և հետագա զարգացման հնարավորությունները։
 Գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը նշել է, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել տնտեսավարողների շրջանում։ Ըստ նրա՝  ծրագրի մեկնարկի ժամանակ նախարարության կողմից իրականացված խորհրդատվական ու բացատրական աշխատանքի և ծրագրի առավելությունները ներկայացնելու արդյունքում ներկայումս արդեն տնտեսավարողներն են դիմում, որպեսզի ծրագիրը շարունակվի իրականացվել իրենց և հարևան բնակավայրերում։