Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնագրեր չկնքեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծել» Իրանը, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնագրեր չկնքեն: Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը նախագահ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցությունների անցկացումը՝ նշելով, որ բանակցություններ հնարավոր են միայն երրորդ երկրների միջնորդությամբ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայումս «խոսում են» իրար հետ: Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում նշել էր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքելու իր նախընտրությունը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային հարցի լուծման երկու հնարավոր ուղի՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման ծրագրից: