Սերմացուի խնդիր, պարարտանյութի բարձր արժեք. ի՞նչ խնդրի առաջ են կանգնած հողագործները

Արարատյան դաշտում, թեև  հողագործական աշխատանքներն արդեն սկսվել են, բայց գյուղացու սիրտը կախ է՝ ֆինանսական միջոցներ չունեն վարուցանքի համար, բայց և չեն կարող հողն անմշակ թողնել:

Արմավիրի մարզի Ամբերդ բնակավայրի բնակիչ Մանվել Բաբայանը կրտսեր թոռան հետ այգում է. ծառերն է խնամում, որոնցից ծիրանենին  արդեն ծաղկել է:
«Գարունը միշտ դժվար է լինում, մարդկանց ձեռքը փող չկա, որ մշակություն սկսեն: Ձմեռը դուրս է եկել, աշխատածները ծախսել են, հիմա էլ խնդրի առաջ են կանգնել»,- ասաց գյուղացին:

Մանվել Բաբայանն այգեգործությամբ է զբաղվում. ծիրան ու խաղող ունի, վերջերս էլ սկսել է ռեհան աճեցնել: Նրա խոսքով՝ գյուղում շատերն են ռեհան մշակում՝ լավ է վաճառվում, բայց դա էլ հեշտ գործ չէ. և՛ բարդ է մշակությունը, և՛ ծախս է պահանջում:

Ամբերդի բնակիչը պատրաստվում է 12-13 տոկոսով վարկ վերցնել, որ հողն անմշակ չթողնի:

«Մարդիկ կես հեկտարներով ռեհան են աճեցնում, ուղղակի սկզբից փող պետք է ներդնես: Ես էլ եմ ուզում 1000 մետր ցանեմ, պետք է վարկ վերցնեմ, էլի միշտ բանկի դուռն ենք գնում, բանկերն էլ անխիղճ են՝ բարձր տոկոսներով են փող տալիս: Չանենք՝ ի՞նչ անենք, գոնե հող մշակելով կարողանում ենք հացի գումար աշխատել»,-փաստեց հողի մշակը:

Հողագործի խոսքով՝ գյուղացիները վարկեր վերցնում են բարձր տոկոսով, զրո տոկոսադրույքով վարկային ծրագիրը պետությունը վաղուց է  կասեցրել, 5 տոկոս սուբսիդավորման ծրագիրն էլ չկա:

Մարզի Երասխահուն գյուղում այս տարի էլ, ինչպես վարչական ղեկավար Մեսրոպ Թումանյանն է նշում, 400 հեկտար  վարելահողից 150-ը  չի մշակվի. պատճառը ոռոգման ջուրն է: Այս  համայնքում  ոռոգման ցանց չկա:
«Որոշ գյուղացիներ 15-20  մետրանոց խորքային հորեր են հորատել, պոմպերի միջոցով են կարողանում հողամաս ջրել:  Ես դիմել եմ  խոշորացված համայնքի ղեկավարին, որ դիմի կառավարություն՝ սուբվենցիոն ծրագրով մեր բնակավայրի ոռոգման ջրի հարցը լուծելու համար»,-փոխանցեց վարչական ղեկավարը:

Իսկ Հովտամեջ գյուղում գարնանը հիմնականում  վաղահաս կարտոֆիլ են ցանում: Հովտամեջցի կարտոֆիլագործներից շատերն այս սեզոնին  փաստի առաջ են կանգնել, քանի որ չեն կարողացել սերմացու ձեռք բերել: Համայնքի բնակիչներից Սուրեն Նավասարդյանը շեշտեց, որ այս գարնանը  նախորդ տարիների համեմատ կարտոֆիլ քիչ են ցանել: Նրա կարծիքով՝ պատճառները տարբեր են:

«Կարտոֆիլն արդեն եկամտաբեր չի, կիլոգրամը 60-70 դրամ են վաճառում, սերմն էլ՝ 200-250 դրամով գնում, պլյուս մնացած ծախսերը, էլ ժողովուրդը ցանի՝ ի՞նչ անի»,- նկատեց նա:

Շիրակի մարզի Ազատան համայնքի կարտոֆիլագործ Գևորգ Աբրահամյանը բացատրում է, որ նախորդ  տարի կարտոֆիլի արժեքը շատ ցածր էր և  չի վաճառվել, իսկ տնկանյութ չի ներկրվել:

 «Վաղահաս կարտոֆիլի սերմի խնդիր է  առաջացել Արարատյան դաշտում։  Էդտեղի ֆերմերները կզանգեն, թե սերմ, սերմ։ Կասենք՝ չունեք: Նախանցյալ  ու անցյալ տարի կարտոֆիլ չի վաճառվել, սաղ թափեցինք: Արարատյան դաշտավայրում չուզեցին ցանել, մենք էլ Եվրոպայից կարտոֆիլի տնկանյութ չենք  պատվիրել: Իրենք ասեցին՝ ձեռնտու չի կարտոֆիլը, չենք ցանում, մենք էլ Եվրոպայից չներկրեցինք, որովհետև բավականին մեծ քանակությամբ սերմացու էր մնացել պահեստներում»,- մանրամասնեց կարտոֆիլագործը:

Այս ամենից բացի, Գևորգ Աբրահամյանը բարձրաձայնում է  պարարտանյութի թանկ գների մասին: Ֆերմերի փոխանցմամբ՝  առևտրի կետերում որքան ասես պարարտանյութ կա, բայց նախորդ տարվա համեմատ գինը բարձր է։

 «Մեկ պարկ ազոտական սելիտրան վաճառվում  է 6800- 7500 դրամով, իսկ կալիումական պարարտանյութի գները տատանվում  են 7000-7500 դրամի սահմաններում: Անցյալ տարվա համեմատ գները  մի քանի հարյուր դրամով բարձրացել են»,-հավելեց Ազատանի բնակիչը:

Պարարտանյութի ներկման և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկից հայտնեցին, որ գարնանից սկսած իրենց մոտ պարարտանյութը թանկացել է: Ընկերության ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ միայն տեղեկացրեց, որ թանկացումները պայմանավորված են թե՛ տվյալ երկրում գների բարձրացմամբ, թե՛ փոխադրման արժեքների թանկացմամբ:

Անհանգստացած գյուղացիները հայտարարում են՝ եթե սերմնացուի, պարարտանյութի հարցը չլուծվի, գյուղատնտեսությունը մոտ 40 տոկոս անկում է ունենալու, իսկ հանրապետությունում չմշակվող շուրջ 200 000 հեկտար հողն էլ կարող է կրկնապատկվել:

Ի պատասխան հողագործների դժգոհությունների՝ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը վստահեցնում է՝ գյուղատնտեսական աշխատանքները մարզում բնականոն հունով ընթանում են, գյուղացիներից որևէ ահազանգ չեն ստացել: Նրա խոսքով՝ խնդիրները միշտ էլ եղել են, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

 «Վաղահաս կարտոֆիլը, ովքեր ուզել են ցանել, նախօրոք պատվիրել են սերմը, հիմա արդեն որոշները կարտոֆիլը ջերմոցից հանել են ու կիլոգրամը 1000 դրամով վաճառում են: Պարարտանյութի մասով էլ նշեմ, որ պետական աջակցության ծրագիր չկա, պետությունն այն կասեցրել է, իբր  չարաշահումների համար: Պետական աջակցությունը լավ բան էր, օգտվում էին շատերը, իսկ դրա կասեցումը մեծ հարված հասցրեց հողօգտագործողներին»,-նշեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, Արթուր Այվազյանը հայտնեց, որ Արմավիրի մարզում մինչև ապրիլի 8-ը կսկսվի ոռոգման ջրի մատակարարումը:

«Այն համայնքներում, որտեղ բացակայում է ոռոգման ցանցը, արտեզյան հորերի միջոցով է ոռոգումն իրականացվում: Այդ համայնքները նաև դիմել են կառավարություն, սուբվենցիոն ծրագրերի միջոցով հարցը լուծելու համար»,-եզրափակեց նա: