Բարտերից մինչև թղթադրամ ու կրիպտոարժույթ. ԿԲ նախագահը DDF-ում խոսեց փողի էվոլյուցիայից
Երևանում անցկացվող «Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունները» խորագրով Doing Digital Forum-ի շրջանակում Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ փողի էվոլյուցիային, փողի նկատմամբ հանրության վստահությանն ու այլ հարցերի:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը փողի ապագան հասկանալու համար կարևորեց մի քանի հիմնարար հարց, մասնավորապես, թե ո՞րն է փողի դերը, ի՞նչ քայլեր են թույլ տալիս արժույթի նկատմամբ համակողմանի վստահություն ձևավորել: Նա անդրադարձավ փողի էվոլյուցիային՝ բարտերով ապրանքներ փոխանակելուց մինչև թղթադրամ, ֆիատ, կրիպտոարժույթ և այլն:
Անդրադառնալով կրիպտոարժույթին՝ Գալստյանը նկատեց, որ այս դեպքում և՛ վստահության հարցը, և՛ ներհատուկ արժեքի հարցը դառնում են ավելի հրատապ:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում կրիպտոակտիվները բավականին մեծ թափ են հավաքել: Եթե կրիպտոարժույթը պահվում է որպես արժեք ձևավորող միավոր և կարող է ժամանակի ընթացքում նշանակալի վերադարձելիություն ապահովել, ապա ավելի քիչ կենսունակ է դառնում որպես փոխանակման միջոց: Կրիպտոյի ռիսկայնությունը, հաշվի առնելով դրա արժեքի հարափոփոխ մակարդակը, ավելի բարդացնում է իրավիճակը»,-ասաց ԿԲ նախագահը:
Գալստյանի խոսքով՝ տնտեսությունները ժամանակի ընթացում պետք է կարողանան մասնավոր արժույթների հնարավորություն ստեղծել:
«Ակտիվներն առանց ներհատուկ արժեքի, կոնստանտ գնով կարող են հույս ունենալ, որ կգոյատևեն որպես փոխանակման հնարավորություն: Մարդիկ չեն ցանկանա արժույթը փոխանակել, եթե ներհատուկ արժեքը ժամանակի ընթացքում միայն աճելու է: Երկրորդը՝ հանրության վստահությունը փողի նկատմամբ սովորաբար ձևավորվում է վստահելի ինստիտուցիոնալ նորմերից, կանոնից: Օրինակ՝ դրամավարկային քաղաքականությունը, որը վերահսկում է փողի արժեքի տեղաբաշխումը՝ պահանջարկին համապատասխան, որպեսզի արժույթը 0 ներհատուկ արժեք ունենա»,-ասաց Գալստյանը: