Հայաստանի առևտրային բանկերի վարկերի ծավալը ՓՄՁ ոլորտում 2024թ․–ին կազմել է 1,6 տրլն դրամ․Դանիել Ազատյան

Հայաստանի առևտրային բանկերի կողմից փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններին (ՓՄՁ) տրամադրված վարկերի ծավալը 2024թ․–ին կազմել է 1,6 տրլն դրամ, ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը։

«Հայկական բանկերի կողմից 2024թ․–ին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 6,4 տրլն դրամ, որից 3,1 տրլն դրամը բիզնեսին տրամադրված վարկերն են։ Միաժամանակ այս գումարից 1,6 տրլն դրամը ՓՄՁ–ներին տրամադրված վարկերն են, ինչը կազմում է բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 25%–ը», – ասաց ՀՄԲ ղեկավարը լրագրողներին նախօրեին «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովի շրջանակում։

Նրա գնահատմամբ, սա վատ ցուցանիշ չէ, և բոլորը շահում են դրա աճին ու հենց ՓՄՁ–ների թվի և հնարավորությունների ավելացմանը զուգահեռ։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե ինչպիսին է այս ցուցանիշի դինամիկան՝ Ազատյանն ասաց, որ վերջին հինգ տարում գրանցվել է թեկուզ չնչին, բայց աճ։ Նա նաև նշեց, որ առավել շատ ակտիվություն են ցուցադրում ագրոհատվածի ընկերությունները։

 «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովը կազմակերպել է Հայաստանի բանկերի միությունը` Կենտրոնական բանկի և Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) հետ համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բանկերի կողմից սեփական ռեսուրսների և տարբեր միջազգային ծրագրերի օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման ծրագրերը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև թվայնացման և տեխնոլոգիական նորարարությունների հաշվին ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները:

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 մասնակից, այդ թվում՝ կառավարության անդամներ, պատգամավորներ, ԿԲ–ի ղեկավար կազմը, առևտրային բանկերի ղեկավարներ, Արագածոտնի մարզպետարանի ղեկավարությունը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։