ԵՀ-ն հայտնել է, որ «Եվրոպան պատրաստ է արձագանքել» Թրամփի սահմանած մաքսատուրքերին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «Եվրոպան պատրաստ է արձագանքել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին։ Չինաստանն իր հերթին խոստացել է «կոշտ հակաքայլեր» ձեռնարկել, գրում է Current time-ը։
Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ընդգրկուն մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար։ Չինաստանի դեմ մաքսատուրքը կկազմի 34, Եվրամիության դեմ՝ 20, Ճապոնիայի դեմ՝ 24, Հնդկաստանի դեմ՝ 26 տոկոս։ ԱՄՆ նախագահի կողմից հայտարարված մաքսատուրքերը «լուրջ հարված» են, որին Եվրոպան պատրաստ է պատասխանել»: Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«ԱՄՆ-ի կողմից հայտարարված համընդհանուր մաքսատուրքերը լուրջ հարված են բիզնեսներին և սպառողներին ամբողջ աշխարհում: Եվրոպան պատրաստ է արձագանքել: Մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերն ու արժեքները: Մենք պատրաստ ենք նաև համագործակցել: Եվ առճակատումից անցնել բանակցությունների»,- գրել է նա X-ում:
Ֆոն դեր Լեյենը լրագրողներին ասել է, որ կիսում է Թրամփի այն տեսակետը, որ ոմանք «անարդարացիորեն օգուտ են քաղում» համաշխարհային առևտրային համակարգի թերություններից: Սակայն, նրա կարծիքով, ներդրված նոր տուրքերը չեն օգնի «շտկել» համակարգը։ Նա նշել է, որ ԵՄ-ն ավարտում է ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցների ուղղությամբ աշխատանքը՝ կապված պողպատի և ալյումինի վրա սահմանված մաքսատուրքերի հետ, և պատրաստվում է հետագա հակաքայլերի՝ «իր շահերն ու բիզնեսները պաշտպանելու համար, եթե բանակցությունները ձախողվեն»:
Չինաստանը ևս պատրաստվում է «կոշտ հակաքայլեր» ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի, հայտնել է Չինաստանի Առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։ «Չինաստանը կտրականապես դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը»,- ասել են գերատեսչությունից։
Նշվում է, որ Միացյալ Նահանգների կողմից «սուբյեկտիվ և միակողմանի գնահատականների հիման վրա» սահմանած մաքսատուրքերը չեն համապատասխանում միջազգային առևտրի կանոններին, լրջորեն վնասում են համապատասխան կողմերի օրինական իրավունքներին և շահերըին և «միակողմանի ահաբեկման տիպիկ պրակտիկա են»։ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ չեղարկել մաքսատուրքերը և «հավասար երկխոսության միջոցով պատշաճ կերպով լուծել տարաձայնությունները իր առևտրային գործընկերների հետ»։