Բարձր մրցակցություն, հավասարակշռված շուկա․Հայաստանի էներգետիկ ոլորտը համապատասխանեցվում է ԵՄ չափանիշներին
Երևանում ամփոփել են «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի 2-րդ փուլի՝ «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում» ծրագրի արդյունքները։ Երկրորդ փուլն ավարտվել է, բայց էներգետիկ ոլորտում բարեփոխումները շարունակվում են։ Այս ընթացքում ի հայտ եկած խնդիրները հաղթահարելուն օգնում են եվրոպացի մասնագետները։
Հայաստանի էներգետիկ համակարգն աստիճանաբար մոտենում է եվրոպական երկրների չափանիշներին։ Բարեփոխումներն ընթացքի մեջ են, և դրանց կատարման ճանապարհին բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս։ Դրանց լուծմանն օգնում են եվրոպացի մասնագետները։ Հայաստանի էներգետիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելուն է ուղղված էներգետիկ շուկայի ազատականացումը։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը համոզված է, որ շուկայի ազատականացումն արդյունք տալիս է։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահը մատնանշում է «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում» ծրագրի շրջանակում արված քայլերը․
«Էներգետիկ համակարգում՝ այս ծրագրի շրջանակում, հետևյալ նորություններն ունենք՝ շուկայի ազատականացում, վերականգնվող էներգետիկայի զարգացում, «Էներգետիկայի մասին» նոր օրենքի ստեղծում։ Այժմ այդ օրենքի մշակման նախաշեմին ենք․ պետք է փորձենք այն մոտարկել եվրոպական նարատիվներին, որպեսզի համարժեք օրենք ունենանք, համապատասխանեցնենք ԵՄ երկրների պահանջներին»։
Էներգետիկ շուկայի ազատականացման նպատակը մենաշնորհը վերացնելն էր՝ ասում է Մեսրոպյանը։ «Մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մոդելը նույնպես անցյալում է․ ներդրվել է մատակարարների, որակավորված սպառողների և մեծածախ առևտուր անողների ինստիտուտը։ Նրանք ևս երկրի ներսում հոսանք գնելու և վաճառելու իրավունք ունեն։ Էներգետիկ շուկայի ազատականացման այս փուլում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Եվրոպայի էներգետիկ կարգավորողների խորհուրդը օգնում է լուծելու բազմաթիվ հարցեր։ ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը «Ռադիոլուր»–ին հայտնում է, որ Հայաստանը նույնպես նրանց հետ խորհրդակցում է, եթե խնդիրներ են առաջանում․
«Բնական խնդիրներ են։ Մեր մատակարարները փորձում են շուկայում մեծ բաժնեմաս վերցնել։ Սա բերում է մրցակցության խաթարմանն ու անհավասարակշռվածության։ Փորձը ցույց տվեց, որ մենք ավելի ուշ ենք կարողանում անդրադառնալ դրանց։ Մոնիթորինգի այն գործիքները, որոնք ներդրված են եվրոպական երկրներում, սահմանում են մոնիթորինգ կատարելու բոլոր գործըթնացները։ Դա «Ռեմիթ» գործիքն է․ այն նաև այնպիսի պահանջներ է սահմանում մատակարաների համար, որոնք շուկայում գործունեություն ծավալելու համար նախապես պետք է բավարարեն դրանք»։
«Ռեմիթ»–ը կկիրառվի նաև Հայաստանում։ Իհարկե, այս ճանապարհին կրկին օրենսդրական բարեփոխումներ կանցկացվեն։ Դրանց վերջնարդյունքւ, ըստ էության, մաքուր էներգետիկայի զարգացումն ու տարածումն է։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում» խորագրով համաժողովի իր ելույթում ընդգծում է․
«Հայաստանը շարունակում է կախված մնալ բնական գազից։ Սա հայտնի փաստ է՝ մի շարք պատճառներով։ Երկիրը ներուժ ունի նվազեցնելու այս կախվածությունը։ Դա համահունչ է մեր համատեղ մաքուր էներգետիկ ծրագրին»։
ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետի պարտականությունները կատարող Հովհաննես Աբրամյանը «Ռադիոլուր» –ի հետ զրույցում կարևորում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ուղղությամբ կատարվող գործողությունները։ Արդյո՞ք բավարար են ոլորտում արվող աշխատանքները․
«Կարող ենք և՛ բավարար համարել, և՛ առավել համարել, քանի որ տեմպերով առաջ ենք անցնել։ ՀԷԿ–երը տարիներ առաջ արդեն զարգացել էին։ Արևային էներգետիկան նույնպես արագ տեմպերով է զրագանում։ Անգամ համակարգը արևային էներգետիկան կլանելու խնդիր ունի»։
Ինքավար էներգարտադրության սկիզբը Հայաստանում 2016 թվականն է, երբ ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարվեցին։ Էներգետիկայի ոլորտի զարգացման հայեցակարգում ինքնավար արտադրության նախանշված թիրախը 350 մեգավատտն է։ Այդ ցուցանիշը վաղուց գերազանցված է 100 մեգավատտով։
Աղբյուրը՝ hy.armradio.am