Ավստրալիայում մեկնարկել է Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի աշխատանքային շաբաթը
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիայի Համագործակցության Բրիզբեն քաղաքում մասնակցում է Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթին:
Կադաստրի կոմիտեն Չափագրողների միջազգային ֆեդերացիայի փոխկապակցված (Affiliate Member) անդամ է դարձել 2023 թվականին:
Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթն ունի հագեցած օրակարգ, որին ակտիվ ներգրավվածություն ունեն Կադաստրի կոմիտեի պատվիրակության անդամները:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հանդիպում է ունեցել Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի (FIG) նախագահ դոկտոր Դայան Դյումաշիեի հետ, ինչպես նաև Կադաստրի և հողերի կառավարման հարցերով 7-րդ հանձնաժողովի նախագահի հետ:
Կադաստրի կոմիտեի մասնագետները ակտիվ ներգրավված են Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի Տարածական տեղեկատվության կառավարման, Կադաստրի և հողերի կառավարման և Անշարժ գույքի գնահատման և կառավարման հարցերով հանձնաժողովների աշխատանքներին:
Ֆեդերացիան միավորում է ավելի քան 120 երկրների ներկայացուցիչների և խթանում է չափագրողների միջև մասնագիտական ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ նպատակ ունենալով նպաստել հանրության մշտապես փոփոխվող կարիքների բավարարմանը և կայուն զարգացման ապահովմանը: