Որոշման բացակայությունն արդեն մեծ խնդիր է. փորձագետը` ՀՀ–ում ատոմակայան կառուցելու մասին

Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչի հայտարարությունը իհարկե շատ ողջունելի է, բայց դա նոր ատոմակայան կառուցելու առաջարկ չէ, այլ տեխնիկական աջակցության. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաել է էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով չինաստանցի դիվանագետի հարցազրույցում ներկայացրած դիրքորոշումը։

 Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Չինաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել հայկական ատոմային էներգետիկայի կառուցմանն ու զարգացմանը։

«Չինաստանն աշխարհում միակ պետությունն է, որտեղ ներկայացված են նոր ատմոկայանների կառուցման` աշխարհում հայտնի բոլոր տեխնոլոգիաները` և՛ ամերիկյան, և՛ ռուսական, և՛ ֆրանսիական։ Այդ միքսը օգտագործելով` Չինաստանն արդեն իր տարբերակն է ստեղծել։ Այս իմաստով այն կարող է մեզ շատ օգտակար լինել ոչ ուղղակի ռեակտորի տեսանկյունից, որովհետև, կարծես թե, մենք հակված չենք ռեակտոր կառուցելուն։ Չինաստանն էլ կարծես թե քաղաքական ու տնտեսական նպատակահարմարություն չի գտել Հայաստանում ատոմակայան կառուցելու։ Հետևաբար, կարծում եմ` Չինաստանի աջակցությունը մեզ պետք կլինի տեխնոլոգիաների, սարքավորումների տեսքով»,– կարծիք հայտնեց Ավետիսյանը։

Ատոմային էներգետիկայի ոլորտում տարբեր երկրների հետ միաժամանակյա համագործակցության փորձ այսօր կիրառում է Եգիպտոսը։ Այստեղ կառուցվող ատոմակայանների ռեակտորները ռուսական արտադրության են, կառուցողը «Ռոսատոմ» կորպորացիան է։ Բայց համագործակցության բազմաթիվ այլ պայմանագրեր կան կնքված թե՛ եվրոպական երկրների, թե՛ Հնդկաստանի հետ։ Թե որ երկրի կամ երկրների հետ համագործակցության ինչ տարբերակներ կընտրի Հայաստանը, և ինչ տիպի ու հզորության ատոմակայանի կառուցման վրա ի վերջո կանգ կառնի ՀՀ կառավարության ընտրությունը, համենայն դեպս պաշտոնական մակարդակով առայժմ չի հայտարարվում։ 

2024 թ. օգոստոսի 1–ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ` ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծվեց փակ բաժնետիրական ընկերություն։ Այս ընկերությունը պետական բյուջեից ֆինանսավորում պետք է ստանար 2025-ի առաջին եռամսյակում։ Վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ձևավորվեր ընկերության գործադիր մարմինը և հաստատվեր կանոնադրությունը։ Սակայն այս գործընթացի մասին ևս փորձագետը տեղեկություն չունի, պաշտոնական աղբյուրներն էլ լռում են։

«Դուրս գալով կոնկրետ այդ հիմնարկության տրամաբանությունից ու վերադառնալով ՀՀ պետական և ազգային տրամաբանությանը` կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն ուշացրել է։ Ավելին ասեմ` շատ մեծ դիլեմա է նաև, թե ատոմակայանի որ տարբերակն է ավելի նպատակահարմար։ Հիմա մենք հասել ենք այն փուլին, երբ որոշման բացակայությունն արդեն խնդիր է։ Եթե նախկինում ես ասում էի, որ պետք է սխալ որոշում չկայացնենք, հիմա ես հանգել եմ այն եզրակացության, որ որոշման բացակայությունն արդեն խնդիր է, անգամ սխալ որոշման բացակայությունը»,– ասաց Արթուր Ավետիսյանը։

Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով` ՀԱԷԿ–ը կարող է ծառայել առավելագույնը մինչև 2036թ–ը։ Մինչ այդ Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել` երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ մասնագետների՝ նոր ատոմակայանի կառուցման համար առնվազն 10 տարի է պետք։