«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր
Նախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 9-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:
Զեկուցողի խոսքով ներկայում նախարարությունը մշակում է մեխանիզմներ՝ տրանսպորտային պարկերի թարմացման, ինչպես նաեւ օդային տրանսպորտի ոլորտում ուղեւորափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ աջակցության ծրագրեր իրականացնելու համար:
Նախաձեռնության վերաբերյալ հնչել են Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության դիտարկումները, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
«Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ:
Հեղինակների բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի քննարկումը: