Տնտեսական աճի կանխատեսումներում Ամուլսարը դեռ ներառված չէ․ ԱԶԲ-ն Հայաստանում 5 տոկոս աճ է կանխատեսում

Որքան խաղաղության գործընթացն առաջ գնա Հարավային Կովկասում, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստանան բիզնեսն ու տնտեսությունը՝ կարծում է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։

Նա այսօր ներկայացրել է ֆինանսական կառույցի կանխատեսումները։ Ասիական զարգացման բանկը 2025-ին Հայաստանի համար 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Կարծում է, որ ցուցանիշը հաջորդ տարի ավելի համեստ կլինի։  

ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը կարևորում է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այն ֆինանսական կառույցի հայեցակարգին համահունչ համարում։ Դոն Լամբերդը կարծում է, որ ծրագիրը  կնպաստի տնտեսական ինետրգրմանը, ինչն էլ երկարաժամկետ տնտեսական աճի կբերի։

Որքան շատ Հայաստանն ինտեգրված լինի տարածաշրջանային տնտեսական մեծ ծրագրերում, այնքան փոքր կլինի պատերազմի հավանականությունը, և այդ հանգամանքը ներդրողներին ավելի շատ վստահություն կներշնչի՝ ասում է Լաբմերդը․

«Որքան խաղաղության գործընթացը ավելի առաջ գնա, այնքան ավելի շատ վստահություն կտա բիզնեսին»։

ԱԶԲ-ն 2025-ին` 5, 2026-ին` 4.7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանի համար։   Գնաճը, ըստ Ասիական զարգացման բանկի, կմոտենա ՀՀ ԿԲ-ի սահմանած 3 տոկոսի շեմին։ Արդյո՞ք այս կանխատեսումներում հաշվի է առնվել նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման գործոնը, ինչպե՞ս կփոխվեն ցուցանիշները, եթե հանքավայրը չշահագործվի՝ հարցնում եմ ԱԶԲ տնօրեն Դոն Լամբերդին։

«Մենք Ամուլսարի հանքավայրի շահագործումը չենք ներառել տնտեսական աճի՝ երկրորդ կիսամյակի ցուցանիշների կանխատեսումներում։ Նախ հարց է, թե երբ կշահագործվի հանքավայրը։ Մի բան է, եթե այն շահագործվի այս տարվա հուլիսին, և այլ բան է, եթե շահագործվի նոյեմբերին։ Կարևոր են նաև ապրանքների գները»։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերի ազդեցությունը Հայաստանի համար ուղղակի և անուղղակի կլինի՝ կարծում է ԱԶԲ տնօրենը։ Բացատրում է՝ ԱՄՆ-ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը չէ, ուստի ուղղակի ազդեցությունը մեղմ կլինի։

Ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, ապա այստեղ, ըստ Լամբերտի, հաշվարկներ կատարելը շատ ավելի բարդ է։  

«Քանի որ ամերիկյան նոր մաքսատուրքերն ազդում են բավականին շատ գործընկերների վրա, ապա դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր ազդեցությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով ընդհանուր տնտեսական միջավայրը։ Օրինակ՝ Հայաստանը ձգտում է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, հետևաբար կախված այն հանգամանքից, թե մաքսատուրքերն ինչ ազդեցություն կունենան եվրոպական երկրների տնտեսությունների վրա, այդ հանգամանքն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա»։ 

Հայաստանի արտաքին պարտքը, ըստ ԱԶԲ կանխատեսումների, կայուն է, իսկ տնտեսական աճի վրա կարող են տարբեր գործոններ ազդել՝ աշխարհաքաղաքական զարգացումներից մինչև ներքին պահանջարկ։