Հայաստանի ֆոնդային բորսան մասնակցել է AIM Congress 2025-ին Աբու Դաբիում
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX), գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և բորսայի ներկայացուցիչների մասնակցությամբ, ապրիլի 7-9-ը Աբու Դաբիում մասնակցում է AIM Congress 2025-ին:
Համաժողովն անցկացվում է արդեն 14-րդ անգամ՝ այս տարի մեկ հարկի տակ համախմբելով շուրջ 25,000 մասնակից 180 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներդրողներ, գործարարներ և ոլորտի առաջատար ներկայացուցիչներ։
Համաժողովի շրջանակում Հայկ Եգանյանը մասնակցել է ֆոնդային բորսաների ղեկավարների համար կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը, որին մասնակցում էին նաև աշխարհի տարբեր բորսաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Պրահայի, Ինդոնեզիայի, Զագրեբի, Բրատիսլավայի, Մուսքաթի ֆոնդային բորսաների ղեկավարները:
Քննարկման ընթացքում Հայկ Եգանյանը անդրադարձել է շուկայի կարգավորման մարտահրավերներին և հնարավորություններին՝ մասնավորապես ներկայացնելով Հայաստանի կապիտալի շուկայի իրավական և կարգավորման հիմնախնդիրները և դրանց ազդեցությունը շուկայի գործառնությունների վրա։ Շեշտադրվեցին նաև շուկայական անկայունության մեղմացման, համապատասխանության մակարդակի բարձրացման ռազմավարությունները, ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմներն ու շուկայի կայունության ապահովման միջոցները։
Առանձին ուշադրություն դարձվեց նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը՝ հատկապես արհեստական բանականության և համապատասխանության ավտոմատացված լուծումների օգտագործմանը։ Այս տեխնոլոգիաները կարող են նպաստել համապատասխանության գործընթացների պարզեցմանը, շուկայի թափանցիկության բարձրացմանը, ծախսերի կրճատմանը և կարգավորող մարմինների հետ համագործակցության արդյունավետության աճին։
Այցի նպատակն էր քննարկել համագործակցության նոր հնարավորություններ՝ ուղղված կապիտալի շուկաների զարգացմանը, նորարարական ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի խորացման և ամրապնդման կարևորությունը։