Աբովյանի մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը կեղծ վաճառքներով ձեռք է բերել Աբովյանի նախկին ղեկավարը
Դատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի օժանդակությամբ, Աբովյան քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզին և Աբովյանի գեղարվեստի դպրոցին հատկացված՝ ընդհանուր 83 միլիոն 450 հազար դրամ շուկայական արժեքով հողամասերը 2017-2018 թվականների ընթացքում ձևական աճուրդ-վաճառքների միջոցով օտարել է 6 միլիոն 625 հազար դրամով:
Գույքի հանցավոր ծագումը և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով՝ հողամասերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է Վ.Գ.-ի աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի սեփականության իրավունքը, մինչդեռ, օտարված հողամասերը փաստացի ձեռք են բերվել Վ.Գ.-ի կողմից: