ԱՄՆ-ն կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող քաղաքների ֆինանսավորումը. Թրամփ
ԱՄՆ իշխանությունները փաստաթուղթ են պատրաստում, որը կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող ցանկացած քաղաքի դաշնային ֆինանսավորումը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այլևս ո՛չ մի քաղաք-ապաստան։ Նրանք պաշտպանում են հանցագործներին, ոչ թե զոհերին: Նրանք խայտառակում են մեր երկիրը, ծաղրի առարկա դարձնում աշխարհում։ Մենք փաստաթղթեր ենք մշակում, որպեսզի դադարեցնենք այն քաղաքների կամ նահանգների դաշնային ֆինանսավորումը, որոնք թույլ են տալիս, որ այդ մահացու թակարդները գոյություն ունենան»,– գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում:
Ամերիկյան մի շարք քաղաքներ (օրինակ` Սան Ֆրանցիսկոն) փետրվարին դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված նոր միգրացիոն քաղաքականության հետ: Հայցեր են պատրաստել նաև Սանտա Կլարա և Քինգ շրջանները, ինչպես նաև Նյու Հեյվեն և Պորտլենդ քաղաքները:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն էլ դատական հայց է ներկայացրել Իլինոյս նահանգի և Չիկագո քաղաքի դեմ՝ պնդելով, որ նրանց օրենսդրությունը խանգարում է ապօրինի միգրանտների դեմ պայքարում Թրամփի վարչակազմի միջոցառումների իրականացմանը: