Վերականգվող էներգետիկայի զարգացմանը զուգահեռ՝ խնդիրներն էլ են ավելանում
Վերականգվող էներգետիկան Հայաստանում զարգանում է առաջանցիկ տեմպերով։ Արդյունքներն ակնկալվածից ավելին են։ Պարզվում է, սակայն, որ այլընտրանքային էներգետիկայի արագ զարգացումը նաև որոշակի խնդիրներ է առաջ բերում։ Հայաստանում դեռևս միայն արևային կայանները, ՋԷԿ-երն ու հիդրոկայաններն են զարգանում։ Հողմային էներգետիկան զարգացնելու ցանկություն ու կամք կան, բայց այն ավելի թանկ է, իսկ ՀԷԿ-երին ու ՋԷԿ-երին զուգահեռ՝ վերջին տարիներին Հայաստանում զարգանում է արևային էներգետիկան։
Պաշտոնական տվայլներով՝ Հայաստանն արևային էներգիայի մեծ ներուժ ունի․ 1 ք/մ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքը տարեկան միջինը 1․720 կվտ/ժ է, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է արևային էներգիայի պաշարների՝ տարեկան 1․850 կՎտ/Ժ ինտենսիվությամբ։ Վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես արևային կայանների զարգացումը Հայաստանում ակնկալվածից ավելին է՝ «Ռադիոլուր»-ին ասում է ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետի պարտականությունները կատարող Հովհաննես Աբրահամյանը․
«Հիդրոէներգետիկան մեզ մոտ զարգացած է եղել տարիներ առաջ, վերջին տարիներին արևային էներգետիկայի զարգացման տեմպերը այնպիսին են եղել, որ համակարգը արևային էներգետիկան ընդունելու խնդիր ունի։ Երկու թիվ բերեմ․ այսօր ունենք շուրջ 30 հազար ինքնավար էներգարտադրողներ։ Մեր բնակիչները տանիքներին են տեղադրել արևային կայաններ։ Մի քանի տարի առաջ այդ թիվը 10 հազար էր։ Նման առաջընթաց մեր էներգետիկ համակարգը չէր սպասում»։
Հողմային էներգետիկան Հայաստանում բավարար չափով զարգացած չէ։ Տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը երկրում գնահատվում է մոտ 450 ՄՎտ՝ շուրջ 1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքով: Հողմակայաններ տեղադրելու հիմնական հեռանկարային տարածքներն են Զոդի լեռնանցքը, Բազումի լեռները, Քարախաչի և Պուշկինի լեռնանցքները, Ջաջուռի լեռնանցքը, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը: Պաշտոնյան հավաստիացնում է, որ այժմ հետազոտում են ոլորտի զարգացման հնարավորությունները։
«Շիրակի մարզում Ասիական զարգացման բանկի և Վերականգվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակում չափիչ կայաններով չափվում է քամու ներուժը։ Նախնական տվյալներով՝ խոսքը 150 ՄՎտ կայանի կառուցման մասին է։ Բայց դեռ վաղ է այս մասին խոսելը։ Չափումները կամփոփվեն մեկ տարի հետո։ Ենթադրվում է, որ այն կմտնի ներդրումային փուլ»։
Ամբողջությամբ՝ hy.armradio.am