Հնդկաստանն ու ԱՄՆ-ն սկսել են առևտրային մաքսատուրքերի շուրջ բանակցությունները

Հնդկաստանը և ԱՄՆ-ն առևտրային հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցություններ կսկսեն ապրիլի 14-ից՝ առցանց: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Դելիի աղբյուրը։

«Մինչև մայիսի վերջ երկու կողմերն էլ ցանկանում են հստակություն ձեռք բերել առևտրի այն ոլորտներում, որտեղ զիջումների տեղ կա», – ասել է գործակալության աղբյուրը։

Անցյալ շաբաթ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը նշել էր, որ երկիրը մոտենում է ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքին, և որ դրա հրատապությունը երբևէ այսքան մեծ չի եղել:

Երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին փետրվարին այցելեց Վաշինգտոն, երկու կողմերի պաշտոնյաներն ասացին, որ նախատեսում են առևտրային համաձայնագիր ստորագրել մինչև աշուն: Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վրա 26% հայելային մաքսատուրքեր սահմանեց, որից հետո որոշ երկրների համար 90 օրով կասեցրեց բարձրացված մաքսատուրքերը։