Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

 Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի ՎՀ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։

 Այս տեղեկությունը փոխանցվել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն և համատեղ  շարունակվել է բեռնատար մեքենայի և կցորդի մաքսային զննությունը` օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ և ծառայողական շներ:

 Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կգ  կշռող 112 փաթեթ` լցված «հաշիշ» տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթված են եղել  թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով: 

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի ՎՀ-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի ՎՀ-ն ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Ներկայում  ՊԵԿ,  ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և Քննչական կոմիտեի  աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցները ՀՀ տարածքում ստացող, դրա հետագա իրացումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները` տեսանյութում https://www.youtube.com/watch?v=vejz3z0wafk