ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Շիրակի և Տավուշի մարզպետարանների համատեղ ջանքերով կայացել են հանդիպումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Շիրակի և Տավուշի մարզպետարանների համատեղ ջանքերով կայացել են հանդիպումներ՝ նվիրված ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման (CAFSEP) ծրագրի առանցքային հարցերի քննարկմանը։
Ծրագրի նպատակն է բարելավել գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարձրացնել պարենային անվտանգությունը Հայաստանի գյուղական շրջաններում, մասնավորապես՝ Շիրակի և Տավուշի մարզերում՝ կայուն էներգետիկ լուծումների ներդրման և կլիմայադիմակայուն խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Ծրագրի իրականացման համար Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնադրամի (JFPR) ֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Շիրակի և Տավուշի մարզերում թիրախավորել տասը համայնքներ, որոնցից կընտրվեն 230 խոցելի տնային տնտեսություններ` ծրագրով նախատեսված ներդրումներ իրականացնելու և նպատակներին հասնելու համար:
Հանդիպումներին մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, համայնքների ղեկավարներ, ծրագրի իրականացման թիմի տնօրեն Արման Սարգսյանը, ծրագրի պատասխանատուներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ։