ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառում Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը

Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման պայմաններում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը չի բացառում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը։

Բեսենթն ասել է, որ երկու երկրների միջև հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար կլինի, քան մյուս երկրների հետ, քանի որ «Չինաստանը և՛ ամենամեծ տնտեսական մրցակիցն է, և՛ ամենամեծ ռազմական մրցակիցը»:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել էր՝ ոչ ոք անպատիժ չի մնա, հատկապես Չինաստանը, որն ամենից վատն է վերաբերվում մեզ:

Անցյալ շաբաթ էլ Պեկինը հայտարարեց ամերիկյան ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերի մասին:

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի չափազանց բարձր մաքսատուրքերի սահմանումը վերածվել է «թվերի խաղի», որը գործնական նշանակություն չունի տնտեսության համար:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Չինաստանից ապրանքների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերը ներկայումս կազմում են 145%: