Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո տրամադրելու քննարկումները շարունակվում են. Միրզոյան
Սլովենիան աջակցել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու առաջարկին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատես ասուլիսում հայտարարել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը։
«Ես կարող եմ իմ երկրի անունից ասել, որ մենք սատարել ենք և ուժեղ աջակցություն ենք ցուցաբերել այդ առաջարկին»,- նշել է նա։
Անցած տարի Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո էր հատկացվել, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ հիմա քննարկվում է 20 միլիոն եվրո տրամադրելու հարցը։
«Քննարկումները շարունակվում են, և հույս ունենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի»,- նշել է Միրզոյանը։
Անցած տարվա հուլիսին Հայաստանը ԵՄ-ից 10 միլիոն եվրոյի չափով օգնություն է ստացել։ Այդ գումարը ծախսվում է առաջիկա երկուսուկես տարիների ընթացքում հայկական բանակի համար դաշտային հոսպիտալ և օժանդակ շինություններ ստեղծելու համար։
«Ազատություն» ռադիոկայանը նախօրեին հայտնել էր, որ Հունգարիան ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։