ԵՄ-ն մտադիր է խստացնել առանց վիզայի մուտքի կանոնները. 61 երկիր կարող է ենթարկվել կանոնների վերանայման
Այս տարի Եվրամիությունը (ԵՄ), ըստ ամենայնի, մտադիր է փոխել վիզաների տրամադրման քաղաքականությունն ու դյուրացնել այն մեխանիզմը, որով առանց վիզաների ռեժիմ ունեցող երկրները կարող են զրկվել այդ արտոնությունից։ Ներկայումս ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից օգտվում է 61 երկրիր, այդ թվում՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
Առաջարկը Եվրահանձնաժողովը շրջանառության մեջ էր դրել դեռևս 2023 թվականին, և ԵՄ խորհուրդը, որը ներկայացնում է անդամ 27 երկրները, մեկ տարի առաջ հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։ Սակայն 2024 թվականի հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրությունների և օրինագծերի զգալի կուտակման պատճառով Եվրախորհրդարանը միայն վերջերս է ստացել բանակցություններին մասնակցելու մանդատ։
Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա նոր օրենսդրությունը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա աշնանը։
Ինչու՞ է դա տեղի ունենում հիմա
Ըստ էության, ԵՄ-ն շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում վիզաների ազատականացման հարցում մի քանի պատճառներով. առաջին հերթին՝ դեպի ԵՄ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Երկրորդ՝ վիզաների արտոնագրերը հանելու կամ ռեժիմը խստացնելու որոշումը կարող է նաև օգտագործվել երրորդ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար։ Տևական ժամանակ այն քաղցրաբլիթ էր՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտներում առաջընթացի հասնող երկրներին քաջալերելու համար։ Առանց վիզայի այդ ռեժիմը թույլ է տալիս երրորդ երկրների քաղաքացիներին այցելել ԵՄ առանց մուտքի արտոնագրի ու մնալ այնտեղ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում: Կոսովոն ցուցակին ավելացվեց 2024 թվականի սկզբին, իսկ Վրաստանը և Ուկրաինան՝ 2017-ին։
Այդ իրադարձությունները ժամանակին տոնախմբությունների առիթ էին դառնում այդ երկրներում։ Ուստի հիմա, նման արտոնությունից զրկելու սպառնալիքը կարելի է համարվել շատ լուրջ «մտրակ»։
Ռեժիմի կասեցման ներկայիս մեխանիզմը, որը ներդրվել է 2018 թվականին, հնարավորություն է տալիս կարգը վերանայել միայն ակնհայտ չարաշահումների դեպքում, օրինակ՝ երբ այդ արտոնությունից օգտնող երկրների քաղաքացիները զանգվածաբար խախտում են 90-օրյա կեցության սահմանաչափը կամ օգտվում են առանց վիզայի ռեժիմից՝ ԵՄ-ում ապաստան հայցելու համար։
Մինչ օրս ԵՄ-ն միայն մեկ անգամ է դադարեցրել առանց վիզայի ռեժիմը՝ նախ ժամանակավոր, այնուհետև ընդմիշտ՝ խաղաղօվկիանոսյան կղզիներում գտնվող Վանուատու պետության համար:
Ամբողջությամբ՝ azatutyun.am