Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր հանդիպել է Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ:  
Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000 քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում`Երևան քաղաքի 2024 թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:
Օրենսդրությամբ ընձեռված լիազորությունների շրջանակում պատրաստ ենք օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան 64, այնպես էլ առանձնացված` 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչներն ապրիլի 14-ին՝ ժամը 08:00-ից, փակել էին Եղվարդի խճուղին: Նրանք պահանջում էին 4000 քմ կանաչապատ բակային տարածքը վերադարձնել բնակիչներին:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ գործուղման լինելու պատճառով քաղաքապետ Ավինյանը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին: