Եթե մենք ուզում ենք ապրել բարեկարգ համայնքում, դրա համար պիտի կատարվեն վճարումներ. Թունյանը՝ ԱԺ-ում քննարկմանը

Խորհրդարանը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ առաջարկվող նախագիծը վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններին՝ կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

Ըստ նրա՝ իշխանությունները խնդիրներին ականջալուր լինելու փոխարեն փորձում են մանիպուլացնել:

«Ոչ ոք չի ասում՝ հարկ հավաքել պետք չէ, որևէ մեկն էլ չի ասում, որ համայնքային կյանքը բարելավել պետք չէ: Խնդիրը հարկահավաքման սկզբունքների, սոցիալական կոմպոնենտը վերացնելու մեջ է: Մոտավորապես 6 անգամ աճելու է միջին և ցածրարժեք գույքի գույքահարկը: Ասում ենք՝ հարկային բեռը ավելի շատ դրեք էն խավի վրա, որը դա կարողանում է տանել»,- հայտարարեց պատգամավորը:

Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով 2021 թվականից ներդրվող ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման բեռի աճի կասեցումն է 2026 թվականի հունվարի 1-ից: 

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը իր խոսքում նշեց՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխատում պետական համակարգը:

«Օդից փողեր չեն լինում, ու ցանկացած բան գին ունի: Եթե մենք ուզում ենք ապրել նորմալ, բարեկարգ համայնքում, որտեղ փողոցները վերանորոգված կլինեն, լուսավորություն, աղբահանություն կլինեն, դրա համար պիտի կատարվեն վճարումներ: Հիմա մեզ մոտ, ցավոք սրտի, այնպես է, որ մեր համայնքները՝ Երևանը, Գյումրին, Արթիկը, մյուս համայնքները, փողի մեծ մասը ստանում են պետբյուջեից, որովհետև իրենք իրենց սեփական կարիքները չեն կարողանում հոգալ, որովհետև իրենց հարկային եկամուտները քիչ են իրենց կարիքները հոգալու համար»,- պարզաբանեց Թունյանը:

Անդրադառնալով Ավետիսյանի այն պնդմանը, թե հարկային բեռը պետք է ավելի շատ դնել այն խավի վրա, որը կարողանում է դա տանել, Թունյանը նկատեց՝ գույքահարկը գույքային հարկ է, այսինքն՝ օբյեկտը գույքն է, այլ ոչ թե գույքի տիրոջ սոցիալական վիճակը:

«Բայց անգամ գործող կարգավորումը այնպիսին է, որ հիմնական բեռը ընկած է բարձրարժեք գույքերի վրա: ՀՀ անշարժ գույքի 88 տոկոսը 23-25 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքերն են, որոնք տարեկան վճարում են մինչև 20 հազար դրամ հարկ: Մեր քաղաքացիների 0,62 տոկոսը ապահովել է հարկային մուտքերի 42,7 տոկոսը: Սա էլ արդեն պրոգրեսիվության մասին է վկայում»,- ավելացրեց պատգամավորը: